Այսօր ժամը 12-ին լրացավ Գյումրիի համայնքապետի փրայմրիզին մասնակցելու ցանկություն հայտնողների հայտերի ընդունման ժամկետը։
Այս պահին հայտնի են հայտ ներկայացրած 5 թեկնածուների անունները՝ ՔՊ-ականներ՝ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյան, պատգամավոր Դավիթ Առուշանյան, վարչապետի տիկնոջ ազգական՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյան, գործող ավագանու անդամ Շավարշ Արամյան, ՔՊ-ի համակիր, երգիչ, Արտյոմ Թումանյան։
Փրայմրիզը նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը, թե ինչ մեխանիզմով է այն անցկացվելու, դեռ չի հստակեցվում։
«Բալասանյան» դաշինքի հրաժարականից անմիջապես հետո Հայաստանի իշխող ուժը հայտարարեց, թե պատրաստվում է արտահերթ ընտրությունների, ապա այլ տարբերակներից սկսեց խոսել։ Որպես քաղաքապետի թեկնածու ՔՊ-ն սկզբում հայտարարեց հենց Սարուխանյանի թեկնածության մասին։ Սակայն, թմրանյութերի պատմությունից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ ՔՊ-ն փոշմանել է և Կարեն Սարուխանյանի փոխարեն Գյումրիի քաղաքապետի այլ թեկնածու է առաջադրելու։