Մատչելիության հղումներ

«Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակվել է 750 հազար դրամ տուգանք, նա ազատվել է պատժից


Ակտիվիստ Սամվել Վարդանյանը և նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը դատարանում, Երևան, 8-ը ապրիլի, 2025թ.
Ակտիվիստ Սամվել Վարդանյանը և նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը դատարանում, Երևան, 8-ը ապրիլի, 2025թ.

Դատարանը որոշել է «ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ պատիժ նշանակել 750 հազար դրամ տուգանք, միաժամանակ, հաշվի առնելով հարյուր օր տևողությամբ տնային կալանքը, նրան ազատել պատժից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանը որոշումը կայացրել է նշանակման ենթակա պատժի հարցով այսօր կայացած լրացուցիչ լսումների արդյունքում:

Հիմնական դատալսումների արդյունքում դատարանը Սամվել Վարդանյանին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր, հիշեցնում է Մելիքյանը՝ միաժամանակ հավելելով. - «Մենք համաձայն չենք դատապարտման հետ և պատրաստվում ենք դատավճիռը բողոքարկել»։

«Հիշեցնեմ նաև, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2024թ. ապրիլի 15-ին Սամվելին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա», - ասված է փաստաբանի գրառման մեջ:

Մեկ տարի առաջ 30-ամյա Վարդանյանը քաղաքային տրանսպորտում նկատել էր այն ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» էր անվանել։ Տարածված կադրերում երևում է, որ պատգամավորն, ի պատասխան, հարվածում է Վարդանյանին։ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել, պատգամավորին էլ տուժողի կարգավիճակ էին տվել:

Տասն ամիս տևած դատաքննությունից հետո դատարանն անցած շաբաթ ընդդիմադիր ակտիվիստին մեղավոր ճանաչեց խուլիգանության համար:




XS
SM
MD
LG