Մատչելիության հղումներ

Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ծայրահեղ աջ կուսակցությունը


Հերբերտ Կիքլ
Հերբերտ Կիքլ

Ավստրիայի ծայրահեղ աջ ուժը՝ երկրի ներքին գործերի նախկին նախարար Հերբերտ Կիքլի առաջնորդած «Ազատություն» կուսակցությունը, խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջատարն է։

Կիքլի քաղաքական ուժի օգտին է քվեարկել ընտրողների 29,2 տոկոսը, երկրորդ տեղում գործող կանցլեր Կարլ Նեհամերի գլխավորած կուսակցությունն է, որը ստացել է 26,5 տոկոս ձայն։ Ավստրիայի օրենսդիր մարմնի մեծությամբ երրորդ ուժը Սոցիալ-ժողովրդական կուսակցությունն է՝ 21 տոկոս ձայնով։

Այսպիսով՝ ծայրահեղ աջերը ստանում են 183 մանդատներից 58-ը, պահպանողականները՝ 52-ը, սոցիալ-դեմոկրատները՝ 41 մանդատ։

Ակնկալվում է, որ Կիքլը հնարավորություն կստանա կառավարություն ձևավորել, թեև դեռ հստակ չէ, թե որ ուժերը մաս կկազմեն նրա գլխավորած կոալիցիային։

Խորհրդարան անցած մյուս երկու ուժերը բացառել են ծայրահեղ աջերի հետ միավորվելու հնարավորությունը՝ նման քայլը համարելով սպառնալիք ժողովրդավարությանը։

Հերբերտ Կիքլի ղեկավարած կուսակցությունը, որ հանդես է գալիս միգրացիայի առավել խիստ վերահսկողության դիրքերից, համարվում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մերձավոր դաշնակիցը։

Կիքլը դեմ է հանդես գալիս նաև Ուկրաինայի ռազմական օգնությանը, քննադատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը և պնդում, որ պատերազմի պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։
Ընդդիմախոսները նրան համարում են կրեմլամետ քաղաքական գործիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG