Այսօր առավոտյան ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Կազան և Էնգելս քաղաքների վրա։
Կազանի բնակիչները հայտնել են «Կազան Օրգսինթեզ» գործարանի տարածքում ուժգին հրդեհի մասին։ Գործարանը գտնվում է Կազանի հյուսիսային ծայրամասում։
Ըստ Mash և Baza տելեգրամյան ալիքների՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը «փորձել են հարվածել» գործարանին, ԱԹՍ բեկորներն ընկել են գործարանի տարածք։ Տելեգրամյան ալիքները հրդեհից տեսանյութեր են հրապարակել։
Թաթարստանի իշխանությունները հայտնել են, որ Կազանի արվարձաններում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով գազի բաք է հրդեհվել, կրակն արդեն մարվել է, տուժածներ չկան։
Կազանի օդանավակայանը ժամանակավոր սահմանափակումներով է գործում։ Ռոսավիացիան նաև սահմանափակել է թռիչքները Պենզայի, Ուլյանովսկի, Կալուգայի, Տամբովի և Սարատովի օդանավակայաններում։
Հաղորդվում է նաև, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սարատովի մարզի Էնգելս քաղաքի արդյունաբերական օբյեկտի վրա, հրդեհ է բռնկվել։ Շրջանի ղեկավար Ռոման Բուսարգինը հայտարարել է, որ հարձակման հետևանքով արդյունաբերական ձեռնարկություն է վնասվել, առանց հստակեցնելու, թե ինչ ձեռնարկության մասին է խոսքը։
Հունվարի 8-ին ԱԹՍ հարձակումից հրդեհ էր բռնկվել Էնգելսի նավթի պահեստում, կրակը մարվել էր միայն հինգ օր անց, հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ԱԻՆ երկու աշխատակից էր զոհվել։
ԱԹՍ սպառնալիքի հետևանքով Սարատովի և Էնգելսի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռակա։