Հունվարի լույս 8-ի գիշերը Սարատովը և Էնգելսն անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման են ենթարկվել, հայտնել է նահանգապետ Ռոման Բուսարգինը։
Նա նշել է, որ հարվածներից «արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է վնասվել՝ օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել», թե ինչ օբյեկտի մասին է խոսքը Բուսարգինը չի հստակեցրել։
Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Ըստ նահանգապետի՝ օպերատիվ շտաբ է ստեղծվել, տեղում փրկարարներն են աշխատում։
Էնգելսի բնակիչները, սակայն, հայտնել են գիշերը նավթի պահեստի տարածքում պայթյունների մասին և սոցիալական ցանցերում լուսանկարներ հրապարակել։
Baza-ն առնվազն հինգ պայթյունի մասին է հաղորդում։
Astra-ն էլ գրում է, որ «Ռոսրեզերվ» դաշնային կառավարական գործակալության «Կրիստալ» գործարանի նավթի պահեստն է այրվում, որտեղ «Էնգելս-2» ավիաբազայի վառելիքն է պահվում։
Գիշերն անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու մասին հայտնել է նաև Ռոստովի մարզի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի տարածքում 32 ԱԹՍ են որսացել և ոչնչացրել։