Դեռ պարզ չէ՝ Արցախից բռնի տեղահանվածների Հայաստանը լքելու լուրերից ուրախացողների հայտարարությունները ատելության, խտրականության ու թշնամանքի խոսք կհամարե՞ն իրավապահները, թե՞ ոչ: Երեկ փաստաբան Ռոման Երիցյանն է Քննչական կոմիտե հաղորդում ներկայացրել՝ կցելով «Արսեն Արս Արշակյան» անունով հանդես եկող օգտատիրոջ գրառումը, որտեղ նա չէր թաքցրել իր ատելությունն արցախցիների նկատմամբ ու վիրավորական արտահայտություններով մեջբերել էր Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքը, թե «ղարաբաղցիների 30 տոկոսը լքել է Հայաստանը»:
«Աստված տա, երբեք չվերադառնաք ու շարունակական լինի», - գրել էր ֆեյսբուքյան օգտատերը:
Ֆեյսբուքում Նյու Յորքի բնակիչ ներկայացող այս օգտատերը հայտնի է իր իշխանամետ դիրքորոշմամբ: Ակտիվ գովեստի խոսքեր է գրում իշխանականների, հատկապես վարչապետ Փաշինյանի մասին: Արդյո՞ք վարչապետի ակտիվ աջակիցը կմեղադրվի արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելու համար՝ իրավապահները դեռ չեն արձագանքում: Քննչականից «Ազատությանն» ասացին, որ այս պահին փաստաբան Ռոման Երիցյանի հաղորդման հիման վրա դեռ քրեական վարույթ չկա:
Սա արցախցիների նկատմամբ ատելության խոսքի միակ օրինակներից չէ: Անգամ կառավարության անդամներն են անզուսպ այս հարցում: Երեկ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էր քննադատել արցախցների բողոքի ակցիաները, հեգնել ընդդիմության գործողությունները, իսկ արցախցիներին «ցույցի մատերիալ» անվանել:
«Սեզոնային ընդդիմությունն իրեն հարիր ոճով հայտարարեց եղանակների տաքանալուն պես իշխանափոխության մասին, անձրևոտ եղանակին մի տեսակ անհարմար է հայրենիք «փրկելը»։ Ընդդիմության միակ նպատակը արցախցիներին ցույցի մատերիալ օգտագործելով իշխանափոխություն անելն է», - գրել է Տարոն Չախոյանը։
Գրեթե նույն արտահայտությունն ամռանը խորհրդարանի ամբիոնից հնչեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի պահանջով ցույցի օրերին:
Իշխանամերձ բլոգեր Ռոման Բաղդասարյանն էլ երկու օր առաջ մեջբերել էր փոխվարչապետի հայտարարությունները, հայհոյախառն արտահայտություններ գրել Արցախի նախկին իշխանությունների մասին ու մեղադրանքներ ուղղել արցախցիներին:
«Այսօր ղարաբաղցիների պատճառով Հայաստանի բնակիչներն ապրում են վախի մթնոլորտում, որովհետև ղարաբաղցիները բոլորին սպառնում են հաշվեհարդարով և փողոցներում գոռում մարդկանց վրա, ովքեր պաշտպանում են իշխանությանը։ Ինչո՞ւ են այս հանցագործները թալանում մեր հարկերը և դեռ սպառնում այն մարդկանց, ովքեր պաշտպանում են պետականությունը։ Ինձ արդեն թվում է, որ բոլոր ուժային կառույցները Ղարաբաղի հանցավոր խմբավորումների ձեռքում են։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այս մարդկանց լռությունը, թե ինչպես են այդ մարդիկ քանդում Հայաստանը և սադրանքներ ստեղծում նոր պատերազմի համար», - նշել է նա։
Բլոգերի գրառման տակ հարյուրավոր հավանումներ և արցախցիների նկատմամբ վիրավորանքներ կան, սակայն իշխանությունները չեն արձագանքել: Այս պահին միայն Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է, որ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվող խտրական, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող խոսույթը «խիստ դատապարտելի» է համարել:
«Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված լրատվամիջոցների և սոցիալական հարթակների շարունակական մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նման հիմքերով խտրականության և ատելության խոսքի տարատեսակ դրսևորումներ, այդ թվում՝ արցախահայերի նկատմամբ, ինչը խիստ անթույլատրելի է հանրային համերաշխության ամրապնդման և հասարակության բևեռացման բացառման տեսանկյունից», - հայտարարել է ՄԻՊ-ը։
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը, դեռևս միակն է, որ Ֆեյսբուքում ափսոսանք է հայտնել, ներողություն խնդրել իր մեկնաբանության համար ու պնդել, թե իր խոսքերը Արցախի ղեկավարների մասին են եղել: Նա էլ Ազատության հրապարակում մարտի վերջին արցախցիների հանրահավաքից հետո գրել էր, թե՝ «մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվում», իսկ արցախցիներին «Աստծուց մոռացված դժբախտներ» էր անվանել:
«Ցավում եմ, որ դառնությունս և զայրութս վերաճել են սուր խոսքի, հայցում եմ դրանից վիրավորված արցախցիների ներողամտությունը», - գրել է Շուշան Ղազարյանը:
Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն արցախցիների դեմ ատելության արշավի հետևում իշխանություններին է տեսնում. «Այս ամենը ոչ միայն խրախուսվում է իշխանությունների կողմից, այլև իրականացվում է իշխանությունների կողմից, երբ վարչապետի աշխատակազմի տեղակալն է զբաղվում դրանով, երբ իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանն է զբաղվում, ՔՊ-ական վերահսկողության տակ գտնվող Civic.am լրատվամիջոցն է ամենօրյա ռեժիմով ատելության խոսք տարածում, Medianews-ը, որը ևս գտնվում է իշխանությունների ազդեցության ներքու:
Սա պարզապես խայտառակ գործընթաց է, երբ առանց այդ էլ դժվար վիճակում գտնվող մարդկանց դարձնում են նաև ատելության խոսքի թիրախ», - ասաց նա:
Արցախցիների դեմ այս արշավը խորացավ հատկապես վերջին տասն օրերին, երբ նրանք դուրս եկան ակցիաների՝ բողոքելով ապրիլի 1-ից «40.000+10.000 դրամ» սոցիալական աջակցությունն էականորեն կրճատելու կառավարության որոշման դեմ:
Արցախցիների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբը մարտի 29-ից նստացույց է անցկացնում Ազատության հրապարակում: