Մատչելիության հղումներ

Արթուր Պողոսյանը՝ ՔԿ, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նոր նախագահներ


Կառավարությունն այսօր ևս երկու թափուր պաշտոններում՝ Քննչական ու Պետեկամուտների կոմիտեների նոր նախագահներ նշանակեց։

«Դեմ չունենք, որոշումներն ընդունված են: Պարոն Պողոսյան, պարոն Հակոբյան, շնորհավորում ենք ձեզ համապատասխանաբար պաշտոններում նշանակվելու առիթով», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս կառույցի ղեկավարներն էլ, ինչպես ներքին գործերի ու տարածքային կառավարման նախարարները, Հակակոռուպցիոն կոմիտեի ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահները, հեռացան տասն օր առաջ՝ սեփական դիմումով, բայց վարչապետի SMS-ներից հետո։

Այս պահին նշանակովի պաշտոններից միայն Հակակոռուպցիոնի նախագահի աթոռն է թափուր, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամին խորհրդարանը պետք է ընտրի։

«Նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը»

Քննչական կոմիտեի նոր նախագահ Արթուր Պողոսյանն այսօր լավ աշխատելու խոսումներ էր տալիս՝ օգտագործելով մեկ ամիս առաջ՝ կառույցի 10-ամյակի միջոցառմանը վարչապետի հետևյալ խոսքերը. - «Ցավոք, այսօր մենք չենք կարող ասել, որ մարդիկ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն արդարության զգացում Հայաստանի Հանրապետությունում»:

«Իմ գործունեության ընթացքում նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը», - հայտարարեց Պողոսյանը:

Հենց վարչապետն է հայտարարել, որ քրեական գործեր քննող ամենամեծ կառույցի նոր ղեկավարի՝ Արթուր Պողոսյանի կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության մասին ոչ ավել, ոչ պակաս երեք ահազանգ է եղել, երկուսը հերքվել էին։ Երբ վարչապետը նրա թեկնածության մասին խոսեց, երրորդի ուսումնասիրությունն էր ընթացքի մեջ, ասաց, երբ՝ երբ դա էլ հերքվի, կառաջադրի ՔԿ ղեկավար։

«Կոռուպցիոն բնույթի երևույթների հետ առնչություն չեմ ունեցել»

Ինքը՝ Պողոսյանն այսօր պնդում էր, թե անգամ տեղյակ չէ՝ ինչ չարաշահումներ են իր անվան հետ կապվել։ «Ես ընդամենը կարամ հավաստիացնեմ, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել և որևիցե առնչություն... Իմ առաջնային խնդիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է: Էսքանով սահմանափակվենք», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:

Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունը հաջորդեց Ազգային ժողովում նրա և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի փոխադարձ մեղադրանքներին ու վիրավորանքներին։ Հայտնի է, որ այս միջադեպի մասնակիցները վարչապետից SMS-ներ ստացել են, բայց արդյոք Քյարամյանի պաշտոնանկության պատճառը դա էր, թե համակարգային փոփոխությունների՝ Փաշինյանի ձգտումը, ինչպես նա էր ձևակերպել, ամբողջությամբ չպարզվեց։

Նոր ղեկավարին Քյարամյանի հեռացման պատճառները չեն հետաքրքրել, ինքն էլ ոչ մի պարսավելի բան չի տեսնում SMS-ային պաշտոնանկությունների ներդրվող մշակույթի մեջ։

«Կարող է ձեզ էլ SMS-ով ազատեն, չիմանաք ինչի համար», - լրագրողի այս դիտարկմանը Քննչականի նոր ղեկավարն արձագանքեց. - «Հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է: Ես պատրաստ եմ ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունը և երկրի ղեկավարությունն ունի»:

43-ամյա Պողոսյանը վերջին պաշտոնում՝ գլխավոր դատախազի տեղակալ, մոտ երկու տարի աշխատեց, դրանից առաջ զինվորական դատախազի տեղակալն էր, իսկ 2020-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարում էր Արգիշտի Քյարամյանը, կառույցի քննչական դեպարտամենտի պետն էր:

Քյարամյանի հեռանալուց հետո իրենց պաշտոնները լքել են երկու՝ իրավաբանական ու տնտեսական հանցագործությունների վարչությունների ղեկավարները՝ Արթուր Վարդանյանն ու Արսեն Սիմոնյանը։ Չնայած դրան, խոսնակը պնդել էր՝ կոմիտեում քաոս չկա։ Մամուլը գրում է, որ ևս երկու վարչության պետեր են պատրաստվում հեռանալ Քննչականից՝ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը, բայց նրանք երկուսն էլ պնդեցին՝ մնում են։ Իսկ ինչո՞ւ են ՔԿ բարձրաստիճանները լքում պաշտոնները Արթուր Պողոսյանի նշանակման շեմին: «Տեղեկացված չեմ, կարաք իրենց էդ հարցը տաք», - լրագրողների հարցին պատասխանեց ՔԿ նոր ղեկավարը՝ վստահեցնելով, որ որևիցե մեկի հետ անձնական վեճ չի ունեցել:

ՊԵԿ նոր նախագահը ևս հասցրեց խոստումներ տալ

ՔԿ նորանշանակ նախագահը Կառավարության ամենաանհարմար մուտքն էր ընտրել նոր աշխատավայր շտապելու համար ու ընկել լրագրողների «թակարդը»՝ ի տարբերություն Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահի: Էդուարդ Հակոբյանը լրագրողների տեսադաշտում այսօր չհայտնվեց, բայց նա ևս հասցրեց Կառավարության նիստում խոստումներ տալ. - «Պատրաստ եմ առաջնորդել Պետական եկամուտների կոմիտեն՝ իմ և մեր թիմի թիրախում ունենալով ստվերի շարունակական նվազումը»:

33-ամյա Հակոբյանը ֆինանսների փոխնախարարն էր, 11 տարի առաջ աշխատանքային գործնեությունը հենց այս կառույցից է սկսել՝ կրտսեր մասնագետից դառնալով փոխնախարար։

Իսկ նորանշանակների նախորդները՝ Ռուստամ Բադասյանն ու Արգիշտի Քյարամյանը, երեկոյան զբոսանքների են այլևս դուրս գալիս, իրենց համարում «ազատ քաղաքացի» ու հրաժարվում տալ գլխավոր հարցի պատասխանը՝ արդյոք Փաշինյանն իրենց հետ արդար վարվեց: «Այ ցավդ տանեմ, չենք ուզում պատասխանենք, հո զոռով չի», - ասաց Բադասյանը:

XS
SM
MD
LG