Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փորձել է բացատրել, թե պաշտոնանկություններից հետո ինչ սկզբունքով է նոր նշանակումներ անում։ Իր խնդրանքով հրաժարականի դիմում գրած 6 բարձրաստիճան պաշտոնյաների փոխարեն արդեն նշանակվել կամ առաջադրվել են 5-ը։
Փաշինյանի առաջարկով ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը, տարածքային կառավարման նախարարի պաշտոնում՝ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրվեց գլխավոր դատախազի տեղեկալ Արթուր Պողոսյանը։ Այսօր արդեն վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում կնշանակվի ֆինանսների փոխնախարար, անկուսակցական Էդուարդ Հակոբյանը։ Նա փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2022-ից։
Անդրադառնալով իր այս նշանակումներին՝ Փաշինյանը այս պաշտոնյաներին երկու խմբի է բաժանել։ Առաջին խմբում հեղափոխական թիմի անդամներ են, ովքեր, նրա բնորոշմամբ, անցել են ընտրական ֆիլտրի միջով, արժանացել ժողովրդի վստահությանը և արդյունավետորեն իրացրել այդ վստահությունը։ 2 -րդ խմբին Փաշինյանը դասել է դեռ նախկին իշխանությունների օրոք պետական տարբեր համակարգերում աշխատող պաշտոնյաներին, որոնք, ըստ Փաշինյանի, կառավարող մեծամասնության գաղափարաբանության նկատմամբ անհրաժեշտ համախոհություն են ցուցաբերել և դարձել կառավարող թիմի մասը, իսկ հեղափոխությունից հետո իրենց պոտենցիալն իրացնելու ավելի մեծ հնարավորություն են ստացել։
Ներքին գործերի նորանշանակ նախարար, 30-ամյա Արփինե Սարգսյանը օրինակ՝ վաղ տարիքից է պետական պաշտոններ զբաղեցրել։ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, արդարադատության փոխնախարարի օգնականն էր։
Քննչական կոմիտեի նախագահ 43-ամյա Արթուր Սարգսյանը կրկին նախկին իշխանությունների ժամանակ է սկսել կարիերան, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2013-2017-ին, եղել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ, դրանից առաջ Լոռու մարզային դատախազությունում էր։
ՊԵԿ նախագահի պաշտոնի համար առաջդրված 33-ամյա Էդուարդ Հակոբյանը նույնպես Ֆինանսների նախարարությունում կարիերան սկսել է Սերժ Սարգսանի նախագահության տարիներին՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով Մակրոտնտեսական քաղաքականության վարչությունում։
Տարածքային կառավարման նախարար 33-ամյա Դավիթ Խուդաթյանն էլ հեղափոխությունից առաջ վարկային կազմակերության մասնագետ էր, նա միակն է նորանշանակ պաշտոնյաներից, ով «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է և 18-ի հեղափոխության ակտիվ մասնակից։ Վարչապետը փաստորեն նրան նկատի ունի իբրև հեղափոխական թիմի անդամ։
Մյուս բոլոր անդամները , ըստ վարչապետի դասակարգման, թերևս պատկանում են 2 -րդ խմբին, ովքեր մինչև հեղափոխությունն արդեն պաշտոններ էին զբաղեցնում, բայց հեղափոխությունից հետո իրենց պոտենցիալ իրացնելու ավելի մեծ հնարավորություն են ստացել։
Այնուամենայնիվ, ներկայացնելով իր նշանակումների բանաձևը, Նիկոլ Փաշինյանը միաժամանակ չի բացառել, թե առաջիկայում այլ բանաձևեր նույնպես կկիրառվեն, բայց իր նկարագրած բանաձևերը ըստ վարչապետի՝ կդառնան իր կադրային քաղաքականության հենասյուները։
Անցած շաբաթ Հանրայինի հետ զրույցում անդրադառնալով պաշտոնանակությունների պատճառներին՝ Փաշինյանն ասել էր, թե իհարկե նախկին պաշտոնյաները իրենց ոլորտներում շատ լուրջ համակարգային փոփոխություններ են իրականացրել, բայց դառնալով այդ համակարգի մաս՝ այլևս չէին կարողանում փոփոխությունների նույն տեմպն ապահովել։
Ի դեպ, առայսօր հայտնի չէ, թե Փաշինյանը ում է տեսնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։