Մատչելիության հղումներ

Այս պահին խոսում ենք տարեկան 150-200 հազար դրամանոց փաթեթի մասին. Նանուշյանը՝ առողջական ապահովագրության մասին


«Սկզբունքը մեկն է՝ հնարավորինս շեշտը դնել կանխարգելիչ ծառայությունների վրա», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ անդրադառնալով «Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի» նախագծին:

Ըստ ծրագրի՝ մյուս տարվանից ապահովագրական համակարգին կմիանան սոցիալական հատուկ խմբերը, 2025-ին՝ պետական աշխատողները, 2026-ին՝ մասնավոր հատվածի բոլոր աշխատողները, իսկ արդեն 2027-ին ապահովագրության փաթեթ պետք է ունենա բնակչության 95 տոկոսը։

Հարցին, թե առողջական ապահովագրության համակարգի ներդրումից հետո որքա՞ն գումար պետք է վճարի քաղաքացին, Լենա Նանուշյանը պատասխանեց. - «Այս պահի դրությամբ մենք խոսում ենք տարեկան 150-200 հազար դրամանոց փաթեթի մասին, ճշգրտումները կատարվում են, հաշվարկներն իրականացվել էին 2019 թվականի իրավիճակի տեղեկատվության հիմա վրա: Այս պահին սկսել ենք աշխատանքներ՝ վերահաշվարկ իրականացնելու և այդ վերահաշվարկված թվերով առաջնորդվելու համար»:

Փոխնախարարը նշեց, որ ուսումնասիրվել են Հայաստանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումները, բժշկական միջամտությունները, որոնց պատճառով մարդիկ բախվում են ֆինանսական խոչընդոտների, և այդ հետազոտություն վրա է ձևավորվել ծառայությունների փաթեթը:

«Սկզբունքը մեկն է՝ հնարավորինս շեշտը դնել կանխարգելիչ ծառայությունների վրա և այն ծառայությունների վրա, որոնք ավելի լայնորեն տարածված են: Այսօրվա դրությամբ երևի 95 տոկոսը բոլոր բժշկական ծառայությունների փակվելու են այս փաթեթով, բացառություն են կազմելու այն ծառայությունները, որոնք կարևոր չեն կամ նպատակային չեն մեր համար, օրինակ, պլաստիկ վիրահատությունները, - ներկայացրեց Նանուշյանը:

Փոխնախարարը նշեց, որ ատամնաբուժական ծառայությունների մի փոքր քանակ ևս ընդգրկվելու է և՛ թոշակառուների, և՛ մնացած բոլոր խմբերի համար, բայց ներառված չեն ավելի թանկարժեք ծառայությունները:

«Ինչքան փաթեթը մեծացնենք և ինչքան ավելի շատ ու թանկարժեք ծառայություններ ներառենք, այնքան մեծացնում ենք դրա արժեքը», - նշեց Նանուշյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG