Մատչելիության հղումներ

«Երևանը պետք է փոխի արտաքին քաղաքականության էությունը». Ի՞նչ են առաջարկում դիվանագետները


Դիվանագետների համահայկական ճակատը քննարկում է անցկացնում
Դիվանագետների համահայկական ճակատը քննարկում է անցկացնում

Պաշտոնաթող դիվանագետները քննարկումներ են սկսել, որ հանրությունը լսի ու համոզվի՝ այն, ինչ առաջարկում է վարչապետ Փաշինյանը, միակ լուծումը չէ։ Հայաստանի շահերից բխող այլ ելքեր կան, ասում է Արտաքին գործերի նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

«Մի փոքրիկ հատվածը վերջացնելով ու այդտեղ առաջնագծերը խախտելով, անվտանգության հսկայական ամուր պատնեշը փլուզելով դու ուղղակի դուռ ես բացում քո թշնամու առաջ դեպի մյուս բնակավայրեր: Սա միանշանակ է», - ասաց Մելիքյանը:

«Դիվանագետների համահայկական ճակատը», որի կազմում են նաև Փաշինյանի կառավարությունում աշխատած նախկին պաշտոնյաները, Տավուշում սահմանազատման համաձայնությունը համարում է միակողմանի զիջում, որին հաջորդելու են նոր զիջումներ։ Այսօր փորձագետների ու քաղաքական գործիչների հետ լայն կազմով քննարկում էր խորհուրդը կազմակերպել։

«Սահմանազատման գործընթացը պիտի շարունակություն լինի, եթե դու պատրաստվում ես ստորագրել ու հիմնական սկզբունքները պիտի կարողանաս արձանագրել այդ պայմանագրի մեջ, դրանից հետո նոր սկսես այդ երկարատև սահմանազատման, սահմանագծման գործընթացը», - նշեց ԱԳ նախկին գլխավոր քարտուղարը:

Իսկ ի՞նչ են առաջարկում դիվանագետները։ Հատկապես երբ նրանց քննարկումներին զուգահեռ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները սահմանազատում են Տավուշ-Ղազախ հատվածը։ Ի՞նչ են ակնկալում, որ վարչապետ Փաշինյանն իրենց այլընտրանքային լուծումները կլսի ու կանգ կառնի՞։

«Ակնկալում եմ, որ հասարակությունը և ժողովուրդը վերջիվերջո պիտի արթնանա ու հասկանա, որ եթե քո դռան առջև չէ, ապա դա չի նշանակում, որ քո դուռն անվտանգ է: Այստեղ է, որ պիտի լինի ընդվզում, պիտի ժողովուրդը հասկանա, որ պետք է ոտքի կանգնել այս գործընթացն ուղղակի կասեցնելու համար», - ասաց Վահագն Մելիքյանը:

Ըստ նախկին պաշտոնյայի՝ սահմանազատման ու սահմանագծման հիմնական սկզբունքները պայմանագրով համաձայնեցնելուց հետո պետք է սկսել և ամբողջ երկայնքով։ Հատվածականը անվտանգության գծի խախտում է։ Նրա կարծիքով՝ հնարավոր է այս գործընթացը չեղարկել, քանի որ այն ուժի սպառնալիքով է սկսվել։

Երևանը պետք է փոխի արտաքին քաղաքականության էությունը։ Առանցքային դարձնի Ադրբեջանի ծավալապաշտական զսպելու քաղաքականությունը, առաջարկում է Արա Այվազյանը, որ 44-օրյա պատերազմից հետո կես տարի արտաքին գործերի նախարար է աշխատել։

«Ծավալապաշտական քաղաքականության իրական էության ըմբռնումը թույլ է տալիս շահագրգիռ երկրներին արդյունավետ հակաքայլեր ձեռնարկել», - ընդգծեց Այվազյանը:

Արցախի կորուստն է խոցելի դարձրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Արցախի հարցը օրակարգից հանելը Հայաստանն անվտանգ չի դարձնի, ասում է Հայաստանի արտաքին գերատեսչությունը մոտ մեկ տասնամյակ ղեկավարած Վարդան Օսկանյանը։ Որպես լուծում առաջարկում է օրակարգային դարձնել արցախցիների՝ Արցախում ապրելու իրավունքի հարցը։

Ըստ Օսկանյանի՝ այդպիսով Ադրբեջանի հետ բանակցելու հարց կունենաս ու կստիպես նրա միակողմանի պահանջներն ավելի չափավոր դառնան։ Վարդան Օսկանյանը վստահ է՝ այս պայմաններում էլ դիվանագիտական հաջողությունների հնարավորություն կա, եթե իշխանությունը փոխվի։

«Մեզ ավելի քան երբեք, պետք են հմուտ, խելոք, ազգային հեռատես ղեկավարներ: Այսօրվա իշխանությունները այս հատկանիշներից որևէ մեկին չեն համապատասխանում», - նշեց նախկին պաշտոնյան:

Ադրբեջանին դիվանագիտական ճանապարհով դիմադրելու ուղիների մասին փորձագետների, քաղաքագետների լայն կազմով քննարկումներ էլի կլինեն։ Դիվանագետները վստահեցնում են՝ նախաձեռնությունը ապակուսակցական է, քաղաքական նկրտումներ չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG