Ցանկացած քայլ, որ իշխանություններին ոչ ժողովրդավար ճանապարհով հեռացնելու նպատակ է հետապնդում, ոտնձգություն է ժողովրդավարության, պետականության նկատմամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
Հարցին, թե չի՞ տեսնում իշխանափոխության անհրաժեշտություն, ճգնաժամ, նա ասաց. - «Ժողովուրդը, կարծում եմ, այնքան խոհեմություն ունի, այնքան քաղաքականապես հասուն է, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, այն մեծամասնությունը, որ այդ իշխանությունը տվել է իշխող ուժին, նա էլ կարող է վերցնել»։
«Որևէ հարձակում այդ իշխանության դեմ ես համարում եմ ժողովրդավարության դեմ, որովհետև եթե մենք բոլորս, այդ թվում՝ մեր քաղաքական ուժը ճանաչել է 2021 թվականի ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ այն գործիչները, ովքեր աջակցում են Բագրատ սրբազանին, իրենք էլ ճանաչել և գնացել, մանդատներ են վերցրել, այսինքն՝ ճանաչել են, որ այդ ընտրությունները եղել են ժողովրդավարական առաջիկա 5 տարիների համար, դրանից առաջ ցանկացած քայլ, որ իշխանություններին ոչ ժողովրդավար ճանապարհով իշխանափոխություն անելու նպատակ է հետապնդում, ոտնձգություն է ժողովրդավարության, պետականության նկատմամբ», - նշեց քաղաքական գործիչը։
Դիտարկմանը, որ ժողովրդավարական երկրներում էլ են հանրահավաքների ճնշման տակ իշխանությունները հեռանում, Արման Բաբաջանյանն արձագանքեց. - «Իհարկե, միևնույն ժամանակ ժողովրդավարությունը երբեմն նաև ուժով պաշտպանելու անհրաժեշտություն ունի, և մի քանի արկածախնդիր հայտարարություններ և ագրեսիվ փոքրամասնության հարձակումը ոստիկանական ուժերի ուղղությամբ չեն կարող դառնալ հրաժարականի պահանջ։ Այդպիսի անհրաժեշտության ուղղակի չկա, եթե լիներ այդ անհրաժեշտությունը, կարծում եմ՝ ոչ թե փողոցում կլինեին մի քանի 100 կամ 4000 մարդ, այլ շատ ավելի»։
«Տավուշը հանուն հայրենքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր ասել է, որ հունիսի 12-ը ջրբաժան էր, և ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցները վկայում են, որ «այս մարդիկ պատրաստ են ամեն ինչի՝ աթոռը պահելու համար»։
Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։
Արքեպիսկոպոսն այսօր նաև նշել է՝ շարժումն իր բովանդակությունից չի շեղվելու, նորից փողոց են դուրս գալու։
Արմեն Բաբաջանյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել տեսանյութում