Մատչելիության հղումներ

Սուրեն Պետրոսյանը Բագրատ սրբազանին ասել է, որ իրեն «առևանգել են»


Հունիսի 12-ը ջրբաժան էր, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ նշելով՝ «պայթող ռումբերը [հատուկ միջոցները՝ լուսաձայնային նռնակները] վկայում են, որ այս մարդիկ պատրաստ են ամեն ինչի՝ աթոռը պահելու համար»։

Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։

Բագրատ Գալստանյանն այսօր ասաց, որ երեկվա դրությամբ տուժածներին դատական բժիշկ չի մոտեցել։

«Ճնշումերը շարունակվում են մեր աջակիցների վրա, բայց վախեցնել չի հաջողվի», - հայտարարեց շարժման առաջնորդը՝ շեշտելով՝ շարժումն իր բովանդակությունից չի շեղվելու, նորից փողոց են դուրս գալու։

«Քաղական բոլոր լուծումները սեղանի վրա են, իմփիչմենթի հարցը ևս։ Մեզ համար կարևորն արդյունքի հասնելն է, քարացած մի ճանապարհով գնալու շարժում չէ», - ասաց Գալստանյանը՝ նշելով, որ քաղաքական և հասարակական գործիչների հետ քննարկումները, հանդիպումները շարունակվում են։

Գալստանյանն այսօր նաև ընդգծեց, որ շարժումը քաղաքական հենարան չունի, նախկինների հետ կապելու բոլոր փորձերը սին որակեց՝ միևնույն ժամանակ նշելով, որ որևէ խնդիր չունի համագործակցելու։ Իսկ եկեղեցին էլ, ըստ նրա, այս գործընթացի մեջ ներգրավված չէ և չի եղել։

Անցած շաբաթ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ընդդիմադիր շարժումն առաջնորդում են Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այսօր Բագրատ արբազանն անդրադարձավ նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, ասաց, որ նրա հետ հանդիպել է հունիսի 13-ի երեկոյան, «այդ դեպքից հետո, որը մեզ համար անհասկանալի մնաց»։

Ըստ Գալստանյանի՝ Պետրոսյանը պատմել է, որ իրեն «առևանգել են՝ սև մեքենայով մոտեցել ու տարել են Հրազդան»։ Սրբազանը նշեց, որ ինքն ընդունել է Պետրոսյանի պատմածը, որովհետև ստուգելու այլ միջոց չունի։

Հիմա Պետրոսյանն, ըստ շարժման առաջնորդի, արտերկիր է մեկնել։ «Արտերկիր է մեկնել, վերադառնա, պետք է հասկանանք՝ նույն ճանապարհով ենք գնալո՞ւ», - ասաց Բագրատ սրբազանը։

Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո Սուրեն Պետրոսյանն այլևս չի հայտնվել շարժման կողքին, իսկ մինչև այդ նա ներկա է եղել սրբազանի գրեթե բոլոր ակցիաներին։

Շատ կարճ ժամանակում գործընթացն անշրջելի կդառնա. Սուրեն Պետրոսյան
please wait

No media source currently available

0:00 0:27:25 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG