Մատչելիության հղումներ

Հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն


Հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությանը, ըստ հաղորդագրության, ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Հայկական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը», - նշված է հաղորդագրությունում:

ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հանրային կապերի ծառայությունը հայտնում է, որ Գեներալ Մայքլ Վեներդին նշել է. - «Տարիների ընթացքում Կանզասի ազգային գվարդիան ամուր համագործակցային հարաբերություններ է կառուցել Հայաստանի Հանրապետության հետ: Մեր հայ գործընկերների հետ կողք կողքի աշխատելը «Արծիվ գործընկեր»-ի նման զորավարժություններում ամրապնդում է վստահությունն ու բարեկամությունը մեր ազգերի միջև»:

Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունն նախորդ տարի անցկացվել է սեպտեմբերի 11-ից 20-ը, որին մասնակցել են 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG