Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Աբբաս Արաղչիին՝ Իրանի արտգործնախարար ընտրվելու կապակցությամբ։
«Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ՝ մեր երկու բարեկամ ժողովուրդների, ինչպես նաև հարևան երկրների միջև ամուր կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ», - X-ում գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Իրանի խորհրդարանը երեկ հատատել է Արաղչիին արտգործնախարարի պաշտոնում։ Նրա օգտին քվեարկել է 288 պատգամավորներից 244-ը։ Արաղչիի թեկնածությունը ներկայացրել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Խորհրդարանը նաև հաստատել է նախագահի ներկայացրած նախարարների նոր կաբինետի կազմը։
Աբբաս Արաղչին 2017-ից 2021 թվականները զբաղեցրել է փոխնախարարի պաշտոնը, իսկ 2013-ից 2021 թվականներին եղել է Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև միջուկային բանակցություններում գլխավոր բանակցող: Նա եղել է նաև Իրանի դեսպանը Թուրքիայում և Ճապոնիայում։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվեց մայիսի 19-ին՝ Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նա Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Թեհրան Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից։