Մատչելիության հղումներ

Անթալիայում են ՀՀ արտգործնախարարը, փոխարտգործնախարարը, ԱԺ փոխոսնակը


Անթալիայի դիվանագիտական ֆորումը 2024 թ.-ին, արխիվ
Անթալիայի դիվանագիտական ֆորումը 2024 թ.-ին, արխիվ

Թուրքական Անթալիա քաղաքում մեկնարկել է Դիվանագիտական ֆորումը, որին մասնակցելու նպատակով Անթալիա են ժամանել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այսօրվա հանդիպումների մասին առայժմ տեղեկություն չի տրամադրել: Պարզ չէ՝ արդյոք նախատեսվում է արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպում Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների հետ:

Այդ պահին հայտնի է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն արդեն իսկ հանդիպել է թուրք պաշտոնակցի հետ: X-ի իր էջում Կոստանյանը գրել է, որ կարևոր քննարկում է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Այշե Էքինջիի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։


Ըստ Կոստանյանի՝ թուրք պաշտոնակցի հետ նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում վաղը Ադրբեջանի և Վրաստանի պաշտոնակիցների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։



Դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով ապրիլի 10-13-ը Անթալիա է գործուղվել նաև խորհրդարանի փոխխոսնակ, հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը: Պարզ չէ՝ այցի ընթացքում նախատեսվո՞ւմ է Ռուբինյանի հանդիպումը թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչի հետ, թե ոչ:

Անթալիայում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նա այսօր արդեն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:



XS
SM
MD
LG