«Ես հիասթափված չեմ առայժմս, բայց որ հիասթափվեցի, արդեն ավելի վատ կլինի իրա համար». - չարենցավանցի Իշխան Գաբրիելյանը կասկած չունի՝ վարչապետ Փաշինյանը, որ մի քանի ժամից կանցնի Գանգրահեր տղայի արձանի մոտով ու կմտնի Չարենցավան՝ հարսանիքի, անպայման կնկատի իրենց, կկանգնի ու կհարցնի՝ «ի՞նչ է եղել», իրենք էլ կասեն՝ «մեր անձնագրայինը հետ բերեք»:
«Մենք պահանջում ենք, որ մեր ասածները վերականգնվի, մեր ուզածները վերականգնվի: Մենք ցույց ենք տալի, որ մենք բողոքում ենք՝ արեք էն, ինչ որ մենք ցանկանում ենք, մեր ուզածը կատարեք, մեր քաղաքի ուզածը կատարեք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գաբրիելյանը:
«40 հազարանոց համայնքը՝ հինգ գյուղով, անձնագրային բաժինը տանում ես Հրազդան, ես ինչի՞ պիտի գնամ Հրազդան», - նշեց Չարենցավան համայնքի մեկ այլ բնակիչ՝ Ալֆրեդ Խաչատրյանը:
«Ուզում եմ գա ստեղ, իմ մոտ, որ ես գնամ, ստեղ, հիանում եմ իմ բնությունով, ամեն ինչով, ինչի՞ մի անձնագրի համար վազեմ գնամ Հրազդան», - ասաց Մելանյա Ավետիսյանը:
Հայաստանում 14 անձնագրային է փակվել՝ նաև Չարենցավանինը. օպտիմալացում հանուն բարեփոխման՝ պետական կառույցներում բացատրում են քաղաքացիներին։ Ամենուր անկանոն հերթեր են:
«Շենքի ներսը արդեն ժողովուրդը իրար շալակ են հելնում: Մարդ չգիտի՝ իրանց հերթը երբ ա, երբ պիտի գա, որ ժամին պիտի գա, որ օրը պիտի գա, մարդիկ իրեք-չորս օրով հերթ են կանգնում: Հենց էդ օպտիմալացումը դա դառնում ա բարեքանդում, էլի, բարի ձևով քանդում են, ժողովուրդին ենթարկում են կտտանքի», - հայտարարեց Համլետ Սիմոնյանը:
Հավաք անելու արտոնություն համայնքապետարանը տվել էր, նախաձեռնության հեղինակները տարածք էին եկել բարձրախոսով, նստացույցի համար հարմարեցված վրանով, բայց ոստիկանների ջանքերով՝ ոչինչ չստացվեց ... վարչապետն ու ուղեկցող շարասյունը սլացան՝ անձնագրայինի վերադարձը պահանջողները մնացին ոստիկանների ու թփերի հետևում.
«Անցել ա՞, վայ գրողը տանի Պուշկինին: Անցա՞վ, բա մենք ստե ինչ ենք էկել կայնել...»:
«Ծածկեցին մեր ներկայությունը, մլիցեն ավելի շատ էր, քան թե մենք: Որ ի՞նչ: Ոչ մի բան էլ չտեսան, իրանք թողին գնացին...»:
«Ընդամենը հինգ հոգուս համար հարյուրից ավել ոստիկան էին բերել: Իսկ մեր ուզածը ընդամենը էն ա, որ երկու աշխատող բերեն անձնագրային Չարենցավանում, որ էս մարդկանց սպասարկի, մեր համայնքին: Էնքան մեքենաներ բերին լցեցին ստե, որ մարդիկ գալիս տեսնում էին, վախենում էին, հետ էին գնում՝ բնակիչները մեր», - ասաց չարենցավանցի Գևորգ Հակոբյանը:
Ցուցարարների փոքրիկ խմբին սփոփեց այն, որ իրենց կարծես թե նկատել էր ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ով նույնպես այդ նույն հարսանիքին էր գնում նույն ճամփով, խոստացել է առաջիկայում լսել իրենց։ Իսկ հարսանիքը Չարենցավանի ամենակենտրոնում գտնվող սրահում էր, վարչապետի այցին ընդառաջ այստեղ տաք ու թարմ ասֆալտ են փռել։
Իրադարձություններին հետևող, բայց ցույցի դուրս չեկած չարենցավանցիները նույնպես այն կարծիքին են, որ չարժեր քաղաքի անձնագրայինը փակել ու 40 հազար մարդու Հրազդան ուղարկել, բայց հավատում են՝ սխալ է, որ կշտկվի:
«Հետ են բերում, բա ոնց», - ասաց նրանցից մեկը, ում կարծիքով՝ չարժեր այդ հարցով փորձ անել կասեցնել վարչապետի ընթացքը դեպի հարսանիք. - «Իրավունք չունի՞ էթա մի կտոր հաց, կամ մեկին շնորհավորի, կամ մի բան անի: Այսինքն, որ վարչապետ ա, իրավունք չունի ոչ մի տեղ գնալու, ոչ մի բան անելու»: