Անի Հակոբյանը հունիսին գրանցվել է անձնագրային բաժնում օգոստոսին սպասարկվելու համար, բայց բանը դրան չի հասել, շուտով նամակ է ստացել, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը չեղարկել է նույնականացման քարտի համար ամրագրված այցը, իսկ ID կարելի է ստանալ անձնագրային բաժնում իրական հերթով։
«Տեղում շատ են հերթերը, նրանք ովքեր օգտվել են Երևանի անձնագրայիններից, գիտեն, որ իսկապես հերթերը շատ են ու դժվար է կենդանի հերթ կանգնել, որովհետև կարող է դու գնաս առավոըտյան ժամը 9-ին տեղում լինես ու արդեն լինեն հերթագրված մարդիկ», - նշեց Անի Հակոբյանը:
Երևանի անձնագրային բաժիններից մեկում փորձեցինք տեսնել թե ID՝ նույնականացման քարտ ստանալու համար հերթում քանի սպասող կար՝ 2 տասնյակ։
Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունից ասում են՝ ID ստանալու օնլայն հերթերը չեղարկել են, որ կարողանան ամռանը մարդկանց սպասարկել անձնագրի հարցում։ Եթե ամիսներ առաջ անձնագրի դիմումի ժամադրության համար մայրաքաղաքում պետք էր 1-ից մինչև անգամ 3 ամիս սպասել, ապա հիմա Երևանում անձնագիր ստանալու կամ վերաթողարկելու ժամադրություն կարելի է վերցնել 12-20 օրում՝ կախված բաժնից, ևս 5 աշխատանքային օր է պետք մինչև կպատրաստեն անձնագիրը ու ձեզ կհանձնեն։
«Այսինքն՝ խելամիտ է քաղաքացուն առաջարկել սպասել 10 օր, մեկ շաբաթ, երկու շաբաթ, բայց սպասարկվել իր նախընտրած օրը, ժամին և իր նախընտրած հասցեում», - ասաց Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
Գործում է նաև հրատապ վճարովի ծառայություն։ Իսկ մարզերում՝ հատկապես Երևանից հեռու, իրավիճակն այլ է, ասում է Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
«Արդեն միջին հեռավորության մարզերում օրվա պահանջարկն ի վիճակի ենք սպասարկել, իսկ հեռավոր մարզերում ընդհանրապես հերթ չունենք, հերթի ապարատի անհրաժեշտություն էլ չկա», - ընդգծեց նա:
Մարզերում, ոչ, իսկ Երևանում անձնագրի համար օնլայն գրանցվելը պարտադիր է, մարդիկ պետք է գան իրենց համար նախատեսված ժամին։ Չնայած սրան միևնույնն է, անձնագրային բաժինները մարդաշատ են, ինչպես մեր նկարահանման պահին Կենտրոնի բաժինը։
Մեզ հետ զրույցում հավաքվածներն ասում էին՝ նյարդայնացնում է և՛ ID ստանալու օնլայն հերթի չեղարկումը, և՛ ընդհանրապես մյուս հերթերը, շատերն, այնուամենայնիվ, տեսախցիկի առջև նախընտրեցին չդժգոհել, բացառությամբ Մարտին Մինասյանի, Մինասյան՝ առայժմ։ Նա հույս ունի ազգանվանն ավելացնել գերմանացի մոր ազգանունը, դառնալ Մարտին Մինասյան Օտտո, արդեն 2 տարի է՝ փորձում է։ Գործընթացը բարդ է, քանի որ ծննդյան վկայականը Պետերբուրգից է, ամուսնության վկայականը՝ ռուսական մեկ այլ քաղաքից։
Մինչ այս անձնագրային բաժնում չգիտեին ինչ լուծում տալ Մինասյան Օտտոյի անձնագրի ոդիսականին, այլ անձնագրային բաժիններում հանդիպեցինք նաև գոհ մարդկանց, իրենք էլ էին զարմացած սպասարկման որակից։
Էրեբունու անձնագրային բաժնում մի քանի համակարգչից ու հերթի գրանցման էլեկտրոնային սարքից բացի խորհրդային տարիներից ի վեր ժամանակը կանգ է առել, ոչինչ չի փոխվել, չհաշված, որ մաշվել են հատակն ու պատերը, կոտրվել ապակիները, շրջակա տարածքն էլ առանձնապես մաքրությամբ աչքի չի ընկնում։
Անձնագրային բաժիններում սպասելը անհրաժեշտ է, բայց զուգարաններ չկան, խմելու ջուր էլ չկա, բաժիններն անգամ պատճենահանման սարքեր չունեն, ցանկացած թուղթ կրկնօրինակելու համար պետք է դուրս գալ, գնալ մի տեղ պատճենել ու գալ։
«Ամբողջ ենթակառուցվածքը պետք է փոխվի»
Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունում ասում են՝ մեր նկատած խնդիրները միայն այսբերգի վերևի մասն են։ Անձնագրային ծառայության ողջ ենթակառուցվածքն այնքան հնացած է, որ հազիվ է աշխատում, հիմա փորձում են փոխել ծայրից ծայր։
«Հազիվ ենք աշխատացնում ու ակնհայտորեն ամբողջ ենթակառուցվածքը պետք է փոխվի՝ ֆիզիկական պայմաններից սկսած մինչև սարքավորումներ և ծառայությունների մատուցում, մարդկային ռեսուրս, պետք է փոխվի: Էսքան համապարփակ փոփոխություն հնարավոր էր նախաձեռնել միայն պետության- մասնավոր գործընկերության ձևաչափով, որին և պետությունը գնում է», - ասաց Նելլի Դավթյանը:
Սերվերներից մինչև ծրագրային ապահովում, գրասենյակներից մինչև սպասարկման որակ՝ Դավթյանն ասում է՝ ամեն ինչ մի քանի տարի անց, նպատակը ոստիկանության ստորաբաժանումից հանրային ծառայության մատուցման կետեր ստանալն է։
«Զուգահեռ մենք նաև իրականացնում ենք կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ, որոնցից հերթերի կառավարումը, ելքի կնիքի մեխանիզմի չեղարկումն ու շատ կուլիսային գործընթացներ, որ քաղաքացին անուղղակի ձևով է զգալու», - նշեց նա:
Մինչ այդ, ասում են, ստեղծել են որակի վերահսկման թիմ, տեղադրել են հսկող տեսախցիկներ, կատարում են աշխատողների վերապատրաստում, գործից հեռացնում ոչ գրագետ աշխատակիցներին։ Սակայն չեն տպում բիոմետրիկ անձնագրեր, նոր ID քարտերն էլ չունեն էլեկտրոնային կրիչ, տպագրող սարքերն էլ հնացած են։ Նոր տպիչներ կգան նոր համակարգի հետ, հստակ ժամկետներ, սակայն, չկան։