Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը թուրքական բանկերին պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ի հետ գործարքների համար․ ՏԱՍՍ


Տարադրամի փոխանակման կետ Թուրքիայում, արխիվ
Տարադրամի փոխանակման կետ Թուրքիայում, արխիվ

ԱՄՆ պաշտոնյաները կապվել են թուրքական ֆինանսական հաստատությունների հետ և սպառնացել պատժամիջոցներով, եթե նրանք շարունակեն սպասարկել Ռուսաստանի հետ գործարքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր թուրքական ֆինանսական աղբյուրը։

«Այո՛, ճիշտ է, որ ԱՄՆ-ից պատվիրակություն էր եկել։ Նրանց ներկայացուցիչները մեր երկրի բանկերին սպառնացել են, այսպես կոչված, քողարկված պատժամիջոցներով՝ ռուսական կողմի հետ հարաբերությունները շարունակելու դեպքում», - ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Նա նաև ասել է, որ գործարքները թուրքական բանկերի միջոցով կարող են շարունակվել, եթե ներկայացվեն համապատասխա փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ գործարքը չի խախտում գործող պատժամիջոցներն ու սահմանափակումները։

Մարտին Aydinlik թերթն էր հայտնել, թե Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և գլխավոր հյուպատոսության առանձին աշխատակիցներ այցելել են ընկերություններ և ֆինանսական հաստատություններ, հետ պահել նրանց Ռուսաստանի հետ բիզնես գործարքներից՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել:

Դեռ հունվարին ռուսաստանյան «Կոմերսանտ»-ն էր գրել, որ ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու նպատակով թուրքական բանկերը սկսել են հրաժարվել ռուսական բանկերի հետ համագործակցությունից։

Ըստ թերթի՝ թուրքական բանկերը մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելն ու այդպիսով դոլարային վճարումներից զրկվելը կարող է տեղացի հաճախորդների արտահոսք առաջացնել։

Մարտին Միացյալ Նահանգները և Թուրքիան պայմանավորվեցին երկրորդական պատժամիջոցների կիրառման նոր համակարգի շուրջ: Այդ համաձայնությամբ պատժամիջոցների են ենթարկվում ռուսական ընկերությունների հետ համագործակցող օտարերկրյա ընկերությունները:

Նախկինում ԱՄՆ-ի կողմից անմիջապես երկրորդական պատժամիջոցներ են սահմանվել մի շարք թուրքական ընկերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանի հետ առևտրային գործունեություն են իրականացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG