Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հետաքննություն է սկսել՝ Իրանի հարվածներին Իսրայելի կողմից հնարավոր պատասխանի վերաբերյալ արտահոսքից հետո


Իսրայելի և ԱՄՆ-ի դրոշները
Իսրայելի և ԱՄՆ-ի դրոշները

Իրանի վրա Իսրայելի հնարավոր հակահարձակման նախապատրաստության մասին ամերիկյան գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո Վաշինգտոնում հետաքննություն է սկսվել։ Նախագահ Ջո Բայդենը ակտիվորեն կհետևի հետաքննության ընթացքին, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Վաշինգտոնը, սակայն, առայժմ վստահ չէ՝ գաղտնի տեղեկությունները ներսից են արտահոսել, թե դրանք կոտրել են․ - «Մենք խորապես մտահոգված ենք, և նախագահը խորապես մտահոգված է գաղտնի տեղեկատվության ցանկացած արտահոսքով։ Դա չպետք է տեղի ունենա»:

Հանրայնացված տեղեկություններն ամերիկյան գործակալություններին են վերագրվում, ըստ այդ փաստաթղթերի, Իսրայելն ի պատասխան հոկտեմբերի 1-ի Իրանի բալիստիկ հրթիռներով հարձակման ռազմական ակտիվներ է տեղակայում պատասխան հարվածի համար։ Գաղտնի փաստաթղթերում արբանյակային լուսանկարներ կան իսրայելական զինուժի, զինամթերքի ու վարժանքների, ինչպես նաև՝ նախապատրաստվող հարվածի հնարավոր հետևանքների վերաբերյալ։

Փաստաթղթերը շրջանառվում են նախորդ ուրբաթից, առաջին անգամ դրանք հրապարակվել են տելեգրամյան ալիքներից մեկում, այն Թեհրանում գրանցված են ներկայացնում։ Չնայած Իսրայելը երբեք պաշտոնապես չի հաստատել, որ միջուկային զենք ունի, հրապարակված փաստաթղթերում նման զինատեսակի մասին էլ տեղեկություն կա։ Նշվում է՝ Միացյալ Նահանգները որևէ նշան չի տեսել, թե Իսրայելը ծրագրում է Իրանի դեմ միջուկային զենք կիրառել։

Ամերիկացի նախկին ռազմական պաշտոնյաների կարծիքով՝ գաղտնի տեղեկությունների հանրայնացումը կարող է խաթարել ԱՄՆ-ի ու ավելի քան մեկ տարի պատերազմող Իսրայելի միջև վստահությունը։

Աղմկահարույց այս պատմության ֆոնին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է այսօր Թել Ավիվ մեկնել։ Գազայում շարունակվող պատերազմի ընթացքում սա պաշտոնյայի արդեն 11-րդ այցն է տարածաշրջան։ Այցի ընթացքում քննարկելու են նաև այս սկանդալը, թե՝ ոչ, առայժմ չի հաղորդվել։

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմն, ըստ էության, վերջին ջանքերն է գործադրում տասնյակ հազարավոր կյանքեր խլած պատերազմը կանգնեցնելու համար։ Մինչ այս տեղի ունեցած բանակցությունները արդյունք չեն տվել։

ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունից հետո արևմտյան առաջնորդները հրադադար հաստատելու նոր հնարավորություն են տեսնում։ Սպասվում է, որ Բլինքենը հանդիպումներ կունենա Իսրայելի վարչապետի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հետո կայցելի նաև տարածաշրջանի այլ երկրներ։

Վերջին օրերին արաբական երկրներ էր այցելեց նաև Իրանի արտգործնախարարը։ Իսրայելի սպասվող հակահարվածի ֆոնին Աբաս Արաղչին հայտարարում է՝ հարևանները վստահեցրել են՝ թույլ չեն տալու իրենց տարածքն ու օդը Իրանի դեմ օգտագործել։

XS
SM
MD
LG