«Հելեն» փոթորիկը, ըստ վերջին տվյալների, 116 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ի հարավ-արևելքում, այդ թվում՝ երեխաներ և ծերեր, հաղորդում է CBS News-ը։
Սեպտեմբերի 26-ին, փոթորիկը հարվածել է Ֆլորիդային, հասել Ջորջիա, Կարոլինա, Թենեսի և Ալաբամա նահանգներ և միայն երեք օր անց հանդարտվել։ Փոթորիկը հեղեղել է ափամերձ և գետային տարածքներ, ավերածություններ առաջացրել մայրուղիներում, հիմնահատակ ավերել տներ, տապալել ծառեր, վնաս հասցրել ենթակառուցվածքներին։
Ջորջիայի նահանգապետը փոթորիկը համեմատել է ռումբի պայթյունի հետ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տուժած նահանգներում արտակարգ դրություն է հայտարարել, ինչը թույլ կտա դաշնային միջոցներ հատկացնել վերականգնողական աշխատանքներին և աղետի հետևանքով տուժածներին։
Moody's Analytics-ը փոթորկի նյութական վնասը գնահատել է 26 միլիարդ դոլար: