Մատչելիության հղումներ

ԱՄՆ այս միջնորդությունը մեծ դերակատարություն չունի, հատկապես, որ շուտով ընտրություններ են. Էդուարդ Աբրահամյան


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր Վաշինգտոնում մասնակցելու են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունները տեղեկացրել են, որ արտգործնախարարները երկկողմ հանդիպումներ են ունենալու։ Բայց թե արդյոք տեղի կունենա Բայրամով - Միրզոյան հանդիպում, դեռևս պարզ չէ։ Ամեն դեպքում, երեկ Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Վաշինգտոնում Միրզոյան - Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Այս թեմայով «Ազատությունը» զրուցել է Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանի հետ:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Վաշինգտոնում գուցե հանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը, ամերիկյան կողմը հայտնել է, որ փորձելու է կազմակերպել այդ բանակցությունները, կարծում եք Բադենի վարչակազմը շտապո՞ւմ է ինչ-որ արդյունք արձանագրել:

Աբրահամյան. - Բայդենի ադմինիստրացիան շտապում է տարբեր տեղերում արդյունքներ արձանագրել, ոչ միայն հայ-ադրբեջանական ուղղությամբ՝ նաև Ուկրաինայում, Ասիայում և այլ: Բայց այս շտապողականությունը անհետևողականության ու ռազմավարության բացակայության նշան է, հետևաբար Միացյալ Նահանգների այս միջնորդությունը մեծ նշանակություն և դերակատարություն չունի, հատկապես ելնելով այն հանգամանքից, որ շուտով լինելու են ընտրություններ, և ամենայն հավանականությամբ այս ադմինիստրացիան էլ չի լինելու այդ պաշտոններում:

«Ազատություն». - Իսկ եթե, այնուամենայնիվ, Բայդենին հաջողվում է վերընտրվել, չե՞ք կարծում, որ այս ընթացքում նրա վարչակազմը, պետքարտուղար Բլինքենն արել են, փորձել են առնվազն անել հնարավորը, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, և գուցե դա տեղի ունենա մոտ ապագայում:

Աբրահամյան. - Ամերիկայի պարագայում պայմանագիրն ընդհանուր առմամբ սիմվոլիկ նշանակություն ունի զուտ քարոզչական ինչ-որ առումով ցույց տալու, որ գոնե՝ մենք՝ Միացյալ Նահանգները կովկասյան ուղղությամբ որոշակի հաջողությունների հասել ենք, հանել ենք ռուսներին տարածաշրջանից, խաղաղեցրել ենք Հայաստանին Ադրբեջանի հետ և այլն: Բայց իրականում այդ պայմանագիրն էլի պայմանական երևույթ է, եթե երկու երկրները չեն խոսում նույն լեզվով, նույն տերմինաբանությամբ, նույն տրամաբանությամբ համատեղ պատրաստ չեն խաղաղության, ապա պայմանագրերն ուղղակի պատերազմի ոչ ռազմական ճանապարհով գործիքներից մեկն է դառնում, իսկ այս պարագայում կոնկրետ այս պայմանագիրը դրա նման մի բան է:

«Ազատություն». - Անգամ եթե իրադարձությունները զարգանան Ձեր նշած սցենարով, այսինքն, այդ փաստաթուղթը նույնիսկ եթե ստորագրվի, էլի խաղաղության չբերի, Դուք տեսնու՞մ եք մոտ ապագայում դա կնքելու հնարավորություն: Երևանը հայտնում է դրա պատրաստակամությունը՝ ընդհուպ մեկ ամսում:

Աբրահամյան. - Երևանի պատրաստակամությունն այս պարագայում ոչինչ չի նշանակում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG