Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է 15 հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը:
Ադրբեջանցի մեղադրողի հարցերին այսօր պատասխանել է Մելիքսեթ Փաշայանը: Նրա հարցաքննության մասին Բաքուն կարճ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե Փաշայանը զինվորական ծառայության մեջ է եղել և որ նրան ամրակցված է եղել «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ:
Միջազգային կառույցների, անկախ լրատվամիջոցների և փաստաբանների բացակայությամբ ընթացող դատավարությունից որոշ մանրամասներ փոխանցել ադրբեջանական պետական «Ազերթաջ»-ը: Ըստ լրատվամիջոցի՝ Փաշայանն ասել է, որ ծառայել է Աղդամի շրջանի տարբեր գյուղերում: Ադրբեջանցի մեղադրողը նրան հարցրել է՝ քանի որ Աղդամը Ադրբեջանական շրջան է, հետևաբար ումի՞ց է այն պաշտպանել: Բաքվի դատարանի առջև կանգնած Հայաստանի գերեվարված քաղաքացին հարցն անպատասխան է թողել:
Մելիքսեթ Փաշայանը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մասի Ադրբեջանի կողմից մեղադրվում է ահաբեկչության, ցեղասպանության և ռազմական մի շարք հանցագործությունների մեջ, գերեվարվել է 2023 -ի սեպտեմբերին, ադրբեջանական ռազմական հարձակումից հետո: Նա ծնունդով Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից է:
Ադրբեջանական զինված ուժերը, երբ արդեն մտել են Սզնեք գյուղ, տեղի բնակիչները՝ ով ինչպես կարողացել է, լքել են իրենց տները: Գյուղում մնացել են տարեց մի քանի բնակիչներ, ներառյալ Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը: Անօգնական մարդկանց գյուղից անվտանգ տարհանելու նպատակով Մելիքսեթը փորձել է օգնություն գտնել, բայց ավելի ուշ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից:
«Որ Մելիքսեթը մենակ լիներ, կկարողանար փախներ, բայց իր հետ մեծահասակներ էին. ինքն ա եղել, Մավրիկը, իր հոպարը, գյուղապետի հայրը, մեր մոտ հարևան կա՝ Արտո Միքայելյանը, դե իրան գտել են մահացած Կարմի գյուղի անտառների մեջից», - ասաց հարազատներից մեկը:
Ի դեպ, այն ժամանակ գերեվարվել էր նաև Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը, ում ադրբեջանցիները հրազենային վիրավորում հասցնելուց հետո, շուրջ մեկ շաբաթ խոշտանգումների էին ենթարկել, ապա օրեր անց Կարմիր խաչի միջոցով հանձնել հարազատներին:
«Այս ողջ ընթացքում խոշտանգումների կանխարգելման անկախ որևէ կառույց Բաքվում պահվող հայերին այցելելու հնարավորություն չի ունեցել»
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր խոսելով Բաքվում հայ գերիների վիճակի մասին, շեշտեց, որ այս ողջ ընթացքում խոշտանգումների կանխարգելման անկախ որևէ կառույց նրանց այցելելու և նրանց պահման պայմանները, ֆիզիկական և հոգեբանական վիճակը դիտարկելու հնարավորություն չի ունեցել: Միակ կառույցը, որ կարողանում է 6 շաբաթը մեկ այցելել հայ գերիներին, Կարմիր խաչն է, որը, սակայն, հրապարակային չի խոսում պատանդառված հայերի վիճակի մասին: Ի դեպ, Բաքուն մտադիր է միջազգային այս կառույցի գործունեությունը ևս դադարեցնել:
«Ինչ առնչվում է ֆիզիկական, հոգեբանական վիճակին, բռնությանը կամ հայերի արժանապատվությունը վիրավորող, ստորանցող գործելակերպին, ապա այս մասով նշեմ, որ մենք որևէ տեղաշարժ չենք դիտարկում, ավելին, առանձին զարգացումների ֆոնին կարող ենք անգամ տեսնել այդ դրսևորումների խստացում: Մեր արձանագրումն այն է, որ հայերը եղել են, մնում են և շարունակում են պահվել այնպիսի պայմաններում, որոնք անմարդկային են, ու ենթարկվում են այնպիսի վերաբերմունքի ու ճնշումների, որոնք, այո, որակվում են որպես խոշտանգում իրենց ինտենսիվությամբ ու պատճառված ցավի բնույթը գնահատելով», - ասաց Սահակյանը:
Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ բռնությունների կոնկրետ դրսևորումների մասին չեն կարողանում խոսել՝ նաև բանտերում գտնվող գերիներին չվնասելու նպատակով: Սահակյանն ասում է, որ կոնկրետ դեպքերի մասին խոսելով, անազատության մեջ գտնվող անձինք Բաքվում կարող են վրեժխնդրության զոհ դառնալ:
«Ունենք արձանագրված դեպքեր, երբ ընտանիքի կողմից խնդրի բարձրաձայնումը հանգեցրել է պատժիչ գործողությունների», - նշեց մասնագետը:
Ադրբեջանական բանտերում պահվող 23 հայերից 5 -ը գերեվարվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Մյուս 18 -ը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդեն պատանդառվել են 2023 -ին:
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ 23 -ից 7 -ի նկատմամբ Բաքվի դատարանները արդեն մեղադրական դատավճիռներ են կայացրել, որոնք ուժի մեջ են մտել: Մյուս 16-ի գործերով Բաքուն 2 առանձին դատական գործընթաց է նախաձեռնել՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացնելով մյուս 15 -ի գործից:
Ինչպես միջազգային իրավունք մասնագետն է բացատրում, հաշվի առնելով, որ Վարդանյանի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը բավական մեծ է, Բաքուն առանձնացնելով Վարդանյանի գործը, փորձել է Արցախի նախկին ռազմաքաղաքական մյուս ղեկավարների դատավարությունը դուրս բերել միջազգային ուշադրության կենտրոնից:
Ի դեպ, Բաքվում պահվող 23 հայ գերիներից բացի, ևս 80 հայեր բռնի անհետացման են ենթարկվել: Նրանք չեն դասվում շուրջ 200 անհետ կորածների թվին:
2020-ի պատերազմից հետո, Ադրբեջանում բռնի անհետացած 80 հայերի վերաբերյալ, ըստ Սիրանույշ Սահակյանի, իրենք ունեն ստուգված ապացույցներ, տեսանյութեր, լուսանկարներ կամ ականատեսների վկայություններ, որոնք հաստատում են, որ այդ հայերը ադրբեջանցիների կողմից գերեվարվելու ընթացքում ողջ են եղել: Բայց Բաքուն հրաժարվում է որևէ տեղեկություն տալ նրանց ճակատագրի մասին:
ՄԱԿ-ի և Եվրոպական դատարանի հարցումներին ի պատասխան Ադրբեջանը հերքում այդ 80 անձանց գերեվարման և անգամ նրանց մասունքների՝ Ադրբեջանի տարածքում գտնվելու հանգամանքը: