Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պնդում է, թե Խնածախի մշակույթի տան ուղղությամբ կրակ չեն բացել


Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է՝ հայկական կողմն «անհիմն, իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, ապատեղեկատվություն է տարածել»։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա», - արձագանքելով Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակութային տունը ադրբեջանական ԶՈւ-ի կողմից թիրախավորելու մասին Երևանի մեղադրանքներին՝ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ -ն։

Հայկական զինված ուժերին մեղադրելով սադրանքների մեջ՝ Բաքուն պնդում է՝ ադրբեջանական բանակը «համարժեք միջոցներ է ձեռնարկում միայն մեր դիրքերը հրետակոծող հայկական զինված ուժերի սադրանքներին ի պատասխան»։

Ադրբեջանական զինուժի՝ գրեթե մեկ ամիս շարունակվող կրակոցներից այս գիշեր վնասվել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակույթի տունը, այսօր տեղեկացրել է հայկական կողմը: Պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունից բացի, նաև լուսանկարներ է հրապարակել, հայտնել՝ կրակոցները հնչել են ժամը 22:20-ի սահմաններում, տուժածներ չկան:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը Բաքվից պարզաբանում է ակնկալում. - «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG