Ադրբեջանական զինուժի՝ գրեթե մեկ ամիս շարունակվող կրակոցներից այս գիշեր վնասվել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակույթի տունը:
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունից բացի նաև լուսանկարներ է հրապարակել, հայտնել՝ կրակոցները հնչել են ժամը 22:20-ի սահմաններում, տուժածներ չկան:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը, որ այս շաբաթներին հաճախ է պնդում, թե ադրբեջանական կրակոցները վտանգավոր չեն և ուղղված չեն Հայաստանի տարածքին, Բաքվից պարզաբանում է ակնկալում. - «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»։
Այս նույն առաջարկը Երևանն արել էր նաև երկու շաբաթ առաջ, երբ ադրբեջանական կրակոցներից Խնածախում տուն էր վնասվել:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից այսօր միայն արձագանքել են՝ պնդելով, թե հայկական կողմը անհիմն, իրականության չհամապատասխանող հայտարարություն է տարածել: Բաքվից նաև վստահեցրել են, թե «համարժեք միջոցներ են ձեռնարկում միայն ադրբեջանական դիրքերը հրետակոծող հայկական զինված ուժերի սադրանքներին ի պատասխան»։
«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագությունում:
Եվ մինչ Երևանին ու Բաքուն մեղադրանքներ են փոխանակում, Սյունիքի սահմանամերձ բնակավայրում մարդիկ օրերն են հաշվում ու սրտնեղում՝ շուտով մեկ ամիսը կլրանա, որ ադրբեջանական կրակոցները չեն դադարում: Այս ընթացքում ընդամենը երկու-երեք խաղաղ օր են ունեցել: Բնակիչներից մեկը, որ ցանկացավ անանուն մնալ, «Ազատության»-ը պատմեց՝ գիշերվա կրակոցներն անհետևանք չեն անցել:
«Դիմացի պոստից, որ խփում են գյուղի վրա, գյուղի տների տանիքներին կպնում ա: Կին ա եղել դուրս ա եկել գիշերը բալկոն, փամփուշտը կպել ա պատին, վատացել ա», - պատմեց բնակիչը:
Խնածախում կրակոցների ժամերն արդեն անգիր գիտեն՝ ամեն օր երեկոյան 10:20-ի կողմերը: Մութն ընկնելուն պես մարդիկ վախենում են տներից դուրս գալ, պատմեց Խնածախի բնակիչներից Կամելա Օհանյանը: Խաղաղության բանակցությունների մասին ամեն օր լսում են, բայց ոչինչ չեն հասկանում «այդ քաղաքական գործերից»՝ ինչո՞ւ խաղաղություն չկա: Սեփական վերլուծություններն են արել՝ Ադրբեջանի քայլերը խաղաղության մասին չեն, կրակում են, որ գյուղում խուճապ տարածեն, մարդկանց ստիպեն լքեն իրենց տները:
«Մնալու հույս չկա, տենց ա դառնում, էլի: Եթե սենց ամեն օր կրակի, վախի մեջ ապրեն՝ մեծը, երեխան, բոլորն էլ վախենում են, նենց չի որ չեն վախենում: Առայժմ մնում են, տեսնեն ինչ ա դառնում», - նշեց Կամելա Օհանյանը:
Եվ մինչ սահմանամերձ գյուղերում մարդիկ գրեթե ամեն օր հնչող կրակոցների մասին պաշտոնյաներից մի հուսադրող լուրի են սպասում, պաշտպանության փոխնախարարն այսօր խորհրդարանում արած իր հայտարարությամբ նրանց է՛լ ավելի խճճեց: Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրեց՝ իրավիճակը սահմանին կայուն է, կրակոցներն էլ՝ անհասցե:
«Այս պահին հարաբերականորեն կայուն է իրադրությունը, այդ ձեր վկայակոչած կրակոցները, երբեմն որոնք տեղի են ունենում, դրանք ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ՝ կարող եմ ասել, եթե անգամ, դուք ասում եք, կրակոցներ կան», - ասաց Սարգսյանը, դիտարկմանը՝ «մարդիկ խոսում են ամբողջ գիշեր, ժամերով կրակելու մասին», արձագանքելով. - «Ես շատ լավ գիտեմ: Իմ և մեր լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա»:
Անընդունելի է, երբ պաշտոնյաները, այն էլ՝ ռազմական գերատեսչության, ազնիվ չեն սահմանին ապրող մարդկանց հետ, ասում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Ընդդիմադիր գործչի խոսքով, թիրախային թե ոչ թիրախային՝ Ադրբեջանը կրակոցներով կոնկրետ նպատակ է հետապնդում. - «Եթե նույնիսկ օդ են կրակում, իրենք հո հենց էնպես օդ չեն կրակում, դա ևս տեռորի նշանակություն ունի, դա ևս կոնկրետ թիրախավորման նշանակություն ունի, այսինքն՝ մարդկանց վախի մթնոլորտում պահելու նշանակություն ունի»:
Սահմանային կրակոցներին նախորդեց խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին Երևանի և Բաքվի հայտարարությունը, բայց փաստաթղթի ստորագրման համար Ադրբեջանը պահաջում է, որ հայկական կողմը փոխի Սահմանադրությունն ու լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը: