Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է BRICS-ին անդամակցելու համար


Բաքվում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից մեկ օր անց Ադրբեջանը պաշտոնապես դիմել է BRICS-ին անդամակցելու համար։ Այս մասին հայտնել է Արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Մինչ պաշտոնական դիմումը BRICS-ին անդամակցելու սպասվող քայլի մասին անցած շաբաթավերջին ասել էր Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից հեռացող Փոլադ Բյուլբյուլօղլուն։

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «Ասոշիեյթեդ Փրեսին» տված մեկնաբանությունում ասել է, որ Պուտինի կախվածությունը այնպիսի երկրներից, ինչպիսին Ադրբեջանն է, գնալով մեծանում է, քանի որ նա միջազգային շուկաներ դուրս գալու ճանապարհների կարիք ունի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։ Իսկ Ադրբեջանի համար Մոսկվայի բարի կամքի պահպանումը կարևոր նշանակություն ունի ազգային անվտանգության և հարևան Հայաստանի հետ լարվածության պատճառով։

BRICS-ին Ադրբեջանի անդամակցության մտադրությունը արտահայտվել էր հուլիսի սկզբին Աստանայում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում Չինաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցություն հաստատելու մասին ստորագրված հուշագրում։

Այսօրվա դրությամբ BRICS-ին անդամակցում է 9 երկիր՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները, վերջին 4 երկրները անդամակցել են այս տարվա հունվարին։

BRICS-ը հաճախ ներկայացվում է որպես բազմաբևեռ աշխարհի օրինակ։ Տնտեսական առումով առաջնորդողը Չինաստանն է, ում բաժին է ընկնում այդ միավորման համախառն ներքին արդյունքի ավելի քան 70 տոկոսը։ Քաղաքական առումով կառույցն առաջնորդող Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են ամորֆ ակումբը վերաձևավորել հակաարևմտյան մարմնի, որի որոշ անդամներ նման հայացքներ ունեն։

Այնուամենայնիվ BRICS-ը միաձույլ մարմին չէ։ BBC-ի մեկնաբանը նշում է, որ անդամ երկրները քաղաքական և տնտեսական տարբեր մոդելներ ունեն, ինչպես նաև տարբեր մակարդակի փոխկապվածություն Արևմուտքի հետ։

«Պոլիտիկո» հանդեսն, անդրադառնալով BRICS-ին անդամակցելու Բաքվի հայտին, միաժամանակ նշում է, որ Ադրբեջանը Եվրոպայի ավելի կարևոր գործընկեր է դառնում էներգետիկ ոլորտում։

2022 թվականի կեսերին Եվրահանձնաժողովի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը Եվրոպային օգնում է հրաժարվելու ռուսական նավթից և գազից։ Հանածո պաշարներով հարուստ պետությունը այդ ժամանակվանից դարձել է Եվրամիության աևտրային խոշոր գործընկերներից մեկը՝ չնայած մարդու իրավունքների խախտումների պատճառով նրա նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Բրյուսելում հնչող կոչերին, նշում է «Պոլիտիկո»-ն։

XS
SM
MD
LG