Բաքվի ռազմական դատարանում նախօրեին Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ընթացքում 35-ամյա վաղեմության ցուցմունքներ են հրապարակվել։ Դրանք տեղ են գտել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ ԽՍՀՄ Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործի նյութերում։
Խորհրդային քննիչների հավաքագրած նյութերի հրապարակմամբ մեղադրող կողմը փորձել է ապացուցել, թե Ղարաբաղյան շարժումը սկիզբ է առել «հայկական կողմի բռնի գործողություններով, որոնք համակարգվել են Երևանից»։
Քննիչները մասնավորաբար պնդել են, որ Արցախում գործող հայկական ուժերը «սպառազինություն են ստացել Հայաստանի տարածքից, և այդ գործընթացը համակարգել է Վազգեն Սարգսյանը»։ Հայաստանում հավաքագրված ֆինանսական միջոցներն, ըստ խորհրդային դատախազության, «ուղղվել են Ռոբերտ Քոչարյանին, դրանց առաքմամբ զբաղվել է Վազգեն Մանուկյանը»։