Ռուսական զորքերը չորեքշաբթի առավոտյան գնդակոծել են Խարկովի մարզի Չուգուև քաղաքը։
Ըստ Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի՝ հարվածներ են հասցվել քաղաքի կենտրոնական հատվածին, որի հետևանքով մանկապատեզի շենքն է վնասվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ կին է վիրավորվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հսկողության տակ են վերցվել Խարկովի շրջանի մի քանի բնակավայրեր։ Մարտեր են ընթանում շրջանի հյուսիսում՝ Վոլչանսկ քաղաքի համար։
Վոլչանսկ քաղաքը ռուսներն այս պատերազմի ժամանակ մի անգամ գրավել են 2022-ին ներխուժման առաջին օրերին։ Քաղաքը յոթ ամիս գտնվում էր օկուպացիայի տակ։ Նույն թվականի աշնանը Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման արդյունքում ռուսները դուրս են եկել Վոլչանսկից, Բալակլեայից, Իզյումից և Խարկովի մարզի մի շարք շրջաններից։
Վոլչանսկը ռազմավարական նշանակություն ունի Ուկրաինայի պաշտպանական գծերի համար, այն ընդամենը 77 կիլոմետր է հեռու երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովից։
Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի պնդմամբ, Ռուսաստանը կարող է հարձակում սկսել նաև Սումիի շրջանում։ Մայիսի լույս 22-ի գիշերը հարվածներ են հասցվել Սումիի շրջանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին։ Սումի քաղաքում և հարակից շրջաններում էլեկտրամատակարարումը խափանվել է։