Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատը հաստատեց փաստաբանի ողջամիտ վարձատրության չափը


Հայաստանների փաստաբանների պալատի խորհուրդը երեկվա նիստում հաստատել է դատական ծախսերի մեջ ներառվող` փաստաբանի ողջամիտ վարձատրության չափը:

Խոսքը հատկապես վերաբերում է քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսվող` վիրավորանքի եւ զրպարտության համար անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պաճառված վնասի փոխհատուցման դեպքերին:

Փաստաբանների պալատին անհանգստացրել էր հատկապես վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ ներկայացվող` պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցում նախատեսող հայցերում դատական ծախսերի համար պահանջվող գումարների չափը: Այս ծախսերի համար պահանջվող գումարները մինչեւ 3 միլիոն դրամի (շուրջ 8 հազար դոլար) սահմաններում են:

Ընդհանուր առմամբ` այս պահին հայաստանյան լրատվամիջոցների դեմ 12 դատական հայց կա ներկայացված։

Պալատին առընթեր գիտավերլուծական կետնրոնը ուսումնասիրել էր իրավիճակը եւ գտել, որ իբրեւ դատական ծախսեր ներկայացվող թվերն ուռճացված են, եւ անհրաժեշտ է սահմանել վարձատրության ողջամիտ սանդղակ:

Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է վիրավորանքի եւ զրպարտության միջոցով արատավորված գործարար համբավի պաշտպանության պահանջի վերաբերյալ գործերով փաստաբանի վարձատրության ողջամիտ չափ նախատեսել 300 հազար, արատավորված պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի վերաբերյալ գործերով` 200 հազար դրամից ոչ ավելի: Եթե առկա է երկու դեպքն էլ` կրկին 300 հազար դրամ է սահմանվել շեմը:

Փաստաբանների պալատի այս առաջարկը ընդամենը խորհրդատվական բնույթ ունի, սակայն ներկայացվելու է նաեւ դատավորներին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG