Մատչելիության հղումներ

Լրատվամիջոցների դեմ գործերը մտահոգում են Փաստաբանների պալատին


Թերթերի դեմ վերջին շրջանում ներկայացվող դատական հայցերում փաստաբանական ծառայությունների համար պահանջվող գումարների չափը ուռճացված է համարում նույնիսկ Հայաստանի փաստաբանների պալատը:

Վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ ներկայացվող՝ պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցում պահանջող հայցերում դատական ծախսերի համար հայցվորները պահանջում են գումարի` օրենքով սահմանված առավելագույն չափը։

Օրինակ՝ «Ժամանակ» եւ «Հրապարակ» թերթերի դեմ ներկայացված հայցերով դատական ծախսերի համար պահանջվող գումարները 3–ական միլիոն դրամ են: «Ժամանակ»–ի դեպքում հայցվորը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն է, իսկ «Հրապարակ»–ի դեմ հայց է ներկայացրել անձամբ Քոչարյանը։

Ընդհանուր առմամբ՝ այս պահին հայաստանյան լրատվամիջոցների դեմ 12 դատական հայց կա ներկայացված։

Փաստաբանների պալատին առընթեր գիտավերլուծական կենտրոնը ուսումնասիրել է իրավիճակը եւ գտել, որ ներկայացվող թվերն ուռճացված են անհրաժեշտ է սահմանել վարձատրության ողջամիտ սանդղակ:

«Ազատ խոսքի տիրույթը պետք է այնպես անել, որ այդ ոլորտը զարգանա, ոչ թե վախեցնել լրագրողներին», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը։

Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը առաջարկում է վիրավորանքի եւ զրպարտության միջոցով արատավորված պատիվ-արժանապատվության պաշտպանության պահանջի վերաբերյալ գործերով փաստաբանների ողջամիտ վարձատրության չափը սահմանել 300 հազար դրամ, իսկ գործարարն համբավի պաշտպանության պահանջը նախատեսել 500 հազար դրամից ոչ ավելի:

«Այս գումարը չի կարող գերազանցել: Եթե գերազանցում է, ապա Փաստաբանների պալատի տեսանկյունից կհամարվի ոչ ողջամիտ` փոխահատուցման իմաստով», – նշեց Զոհրաբյանը։

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը կողմ է փաստաբանների առաջարկին։

«Այո, Ռոբերտ Քոչարյանը ունի այդպիսի հնարավորություններ, նա կարող է վճարել 10 –20 միլիոն գումար։ Բայց դա ի՞նչ կապ ունի մեր լրատվամիջոցների հետ, ինչո՞ւ մենք պիտի փոխհատուցենք այն հաճույքը, որը իր փաստաբանին ուզում է պատճառել [Քոչարյանը]», – ասում է խմբագիրը։

Այսօր երեկոյան տեղի կունենա Փաստաբանների պալատի խորհրդի նիստը, որը կքննարկի ողջամիտ փոխհատուցման համար ներկայացված առաջարկները:

Փաստաբանների պալատի այս առաջարկը ընդամենը խորհրդատվական բնույթ ունի, սակայն հաստատվելու դեպքում այն ներկայացվելու է նաեւ դատավորներին:

«Փորձելու ենք այդ ճանապարհով հասնել այն բանին, որ դատավորները փորձեն այս սակագներով ղեկավարվել: Դատավորները այս իմաստով կոնկրետ չափորոշիչներ չունեն, եւ շատ դժվար է որոշել, 2 միլիոնն է ողջամիտ, թե, օրինակ, 1 միլիոն դրամը», - հավելեց Արա Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատն առաջարկում է նաեւ չկիրառել իբրեւ հայցի ապահովման միջոց դիտարկվող` այս կամ այն լրատվամիջոցի գույքի ու դրամական միջոցների վրա դրվող արգելանքը:
XS
SM
MD
LG