Մատչելիության հղումներ

Վրաստանի հայկական դպրոցներում կվերականգնվի հայերենի դասաժամերի քանակը


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չորեքշաբթի օրը ամփոփեց մարտի 23-27-ը Վրաստան կատարած իր այցի արդյունքները:

Նախարար Աշոտյանը իր այցի գլխավոր ձեռքբերումներից է համարում Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասաժամերի քանակի ավելացումը:

«Հայոց լեզվի դասաժամերը մինչեւ անցյալ տարի եղել են 7-8 ժամ, անցյալ տարի դարձել են 5 ժամ, այս տարի կվերականգնվի նորից 7-8 ժամը», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արմեն Աշոտյանը:

Մինչդեռ Վրաստանի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը, ով զբաղվում է Վրաստանում հայկական կրթության խնդիրներով, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս պայմանավորվածությունը հայկական կողմի համար հաղթանակ համարել չի կարելի: Նրա խոսքով` հայոց լեզուն շարունակվում է դասավանդվել որպես օտար լեզու, եւ եթե նախկինում հայագիտական առարկաներին շաբաթական հատկացվում էր ութ ժամ, իսկ վրացերենին` 3, ապա հիմա բոլորովին այլ վիճակ է:

«Վրացերենը համարյա բոլոր դասարաններում հանեցին 2 ժամով , իսկ հայերենը իջեցրին, հավասարեցրին վրացերենին: Եթե շաբաթական 8 ժամ հայերեն էին պարապում, ապա հիմա շաբաթական հինգ ժամ են հատկացնում հայերենին, իսկ վրացերենը, որ 3 ժամ էր, դարձրին 5 ժամ: Դասաժամերի քանակում մենք պարծենալու տեղ չունենք», - ասաց Ռստակյանը:

Նախարար Աշոտյանը կարծում է, որ հայ համայնքն ինքը պետք է զբաղվի Վրաստանում հայապահպանության գործով: Իր եւ իր վրաց գործընկեր Դմիտրի Շաշկինի հանդիպումները, ծրագրերն ու համաձայնությունները բավարար չեն: Աշոտյանի խոսքով` շատ ընտանիքներ իրենք են խուսափում երեխային հայկական դպրոց տալ:

«Թիֆլիսում շուրջ 80 հազար հայ կա` ըստ համայնքի տվյալների: Թիֆլիսում մեկ հայկական դպրոց կա եւ վեց խառը դպրոցներ` հայկական սեկտորում սովորում է ընդամենը 600 երեխա: Որտե՞ղ են հայ երեխաները` ոչ հայկական դպրոցներում», - եզրակացրեց նախարարը:

Ըստ Վրաստանում գործող նոր կարգի, մայրենիով ընդամենը մեկ քննություն հանձնելով, 100-ից ավելի հայ շրջանավարտներ ընդունվել են վրացական բուհեր: Եկող ուսումնական տարում Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինը խոստացել է տրամադրել 2500 կրթաթոշակ նրանց, ովքեր կընդունվեն բուհ` հանձնելով մեկ քննություն հայերեն լեզվով եւ կշարունակեն ուսումը վրացերենով` վրացական բուհում:

Աշոտյանն ասում է, որ հայկական դպրոցներում վիճակը բավարար է եւ գնում է դեպի բարելավվում: Դավիթ Ռստակյանը հակադարձում է, որ օրըստօրե հայերենն ու հայկական կրթությունը Վրաստանում վերացվում են: Նախարար Աշոտյանի խոսքով` հայկական դպրոցներն իրենք են հաճախ հրաժարվում դասավանդել հայոց պատմություն: Ռստակյանի խոսքով` հայոց պատմությունը գրեթե հանվել է դպրոցական ծրագրերից եւ դասացուցակներից:

«Սա պետական ծրագիր է, պետական քաղաքականություն է, որ վարվում է Կրթության նախարարության եւ ընդհանրապես վրաց պետության կողմից: Մանկավարժը, ըստ օրենսդրության, իրավունք չունի ոչ պետական լեզվով որեւէ առարկա դասավանդել: Իրենք արդեն «դե յուրե» հայկական դպրոց հասկացողությունը Վրաստանում վերացրել են», - ասաց Ռստակյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG