Մատչելիության հղումներ

«Մեր քաղաքը» դաշինքը անհրաժեշտ քանակությամբ քվեներ կտա Վարդան Ղուկասյանին. Մարտուն Գրիգորյան


Խախտելով հինգօրյա լռությունը՝ Գյումրիի արտահերթ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում հայտարարեց՝ իր առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքը անհրաժեշտ քանակությամբ քվեներ կտա Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս քաղաքապետ ընտրվի:

Ավագանու առաջին նիստում Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու համար առնվազն 17 ձայն է պետք, հաշվի առնելով ընդդիմադիր մյուս երկու ուժերի աջակցությունը՝ Գյումրիի նախկին քաղաքապետին ևս չորս ձայն էր պակասում, որոնք էլ փաստացի կապահովի Մարտուն Գրիգորյանի դաշինքը:

Ղուկասյանի հետ վաղեմի հակամարտություն ունեցող Գրիգորյանն ընդգծում է, թե դա անում է՝ «առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի ու որևէ պայմանավորվածության»: Շեշտում է, որ այս որոշումը իր համար ծանր է եղել ու դժվարությամբ է եկել դրան:

«Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է՝ քրեական գործերով պայմանավորված։ Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխալված լինեմ», - ընդգծել է նա։

Գրիգորյանը նաև նշում է, որ այս վտանգների մասին զգուշացրել է Ղուկասյանին աջակցող մյուս ընդդիմադիր թեկնածուներին՝ Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։ Ընդդիմադիր պատգամավորը նաև քննադատում է նրանց՝ նշելով, որ Ղուկասյանին սատարելու մասին իրենց շտապողականությամբ անհնարին դարձրեցին այլընտրանքային ու ավելի քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը, իրեն էլ ստիպեցին կայացնել մի որոշում, որին սկզբունքորեն դեմ է:

«Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյուքնում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։ Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ», - նշել է Մարտուն Գրիգորյանը։

Այսքանով հանդերձ Գրիգորյանը նաև շեշտում է, որ իր կայացրած ծանր որոշման արդյունքում ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ, նաև զգուշացնում է՝ այսուհետ ևս Գյումրիում՝ «ամեն ինչ կախված է լինելու «Մեր քաղաքը» դաշինքի քվեարկությունից»:

Արձագանքելով Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը՝ ՔՊ կուսակցության Վարչության փոխնախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշել է. - «Գյումրիում տառացիորեն կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք. Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը և իհարկե Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին և դրանք տվին Վարդան Ղուկասյանին։

Ու սա այն դեպքում, երբ Մարտուն Գրիգորյանը առանց ամաչելու կանգնում ու այս սցենարը նկարագրողներիս ստախոսության մեջ էր մեղադրում, իրեն էլ ներկայացնում որպես քաղաքը «Վարդան Ղուկասյան-ՔՊ տանդեմից» պաշտպանող մի սամուրայ»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG