Մատչելիության հղումներ

Գյումրիում ոչ մի ուժ չի ստացել մեծամասնություն


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ, ամփոփվել են Գյումրու 82 ընտրատեղամասերի արդյունքները։

Որևէ քաղաքական ուժ չի կարողացել հավաքել 50+1 տոկոս՝ իշխանություն ձևավորելու համար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է 17 հազար 183 քվե, ձայների 36.24 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ 9 հազար 727 քվե, ձայների 20.51 տոկոսը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյան՝ 2 հազար 902 քվե, ձայների 6.12 տոկոսը, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ 7 հազար 380 քվե, ձայների՝15.56 տոկոսը, «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ 3 հազար 734 քվե, ձայների 7.87 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1 694 քվե, ձայների 6,12 տոկոսը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 651 քվե, ձայների 1,37 տոկոսը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը՝ 2 հազար 111 քվե, ձայների 4,45 տոկոսը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ 1 406 քվե, ձայների 2,96 տոկոսը։

Ընդդիմադիր երկու ուժերը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանն ու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանն արդեն հայտարարել են, որ կմիանան երկրորդ տեղը զբաղեցնող ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։

«Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին», - Ֆեյսբուքում գրել է Մխիթարյանը։

Կարեն Սիմոնյանն էլ նշել է, որ իրենց յուրաքանչյուր գործողություն միտված է լինելու որպեսզի «իշխանազրկեն «Քաղաքացիական պայմանագրին»։

Մարտուն Գրիգորյանն առայժմ չի խախտել լռությունն ու չի ասել՝ արդյոք պատրա՞ստ է միանալ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին: Այժմ հենց Մարտին Գրիգորյանից է կախված՝ արդյոք ընդդիմության միավորումը տեղի կունենա, թե ոչ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին և թեկնածուներին։

Ձայների 36.21 տոկոսը հավաքած իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանն էլ Ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել «յուրաքանչյուր քվեի համար», մասնավորապես, նշելով․ - «Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG