Այսօր Գյումրիում նախընտրական քարոզարշավի վերջին օրն էր: Ընտրություններին մասնակից 9 քաղաքական ուժերից որոշները քայլերթ էին անցկացնում քաղաքի տարբեր հատվածներում:
Կամկուսի ցուցակը գլխավորող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երթն ավարտվեց Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ: Ղուկասյանը գյումրեցիներին աղոթքի էր հրավիրել ու իր ելույթը տերունական աղոթքով սկսեց, այնուհետև խոսեց երկրում տիրող իրավիճակի մասին՝ խոսելով, թե ինչ վիճակում է երկիրը և դրա համար է մտել ընտրապայքարի մեջ: Վարդան Դուկասյանը նշեց նաև, որ իր պաշտոնավարման 13 տարիներից հետո Գյումրիում 7 տարի բան չի իրականացվել, որևէ բնակարան չի կառուցվել՝ ընդգծելով, որ Գյումրիից է սկսվելու «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունը:
Վարդան Ղուկասյանը կրկնեց ավելի վաղ արած իր հայտարարությունը՝ պնդելով, որ բոլոր թեկնածուների հետևում կանգնած են, այսպես ասած, քաղաքական հայրեր: Նա ընդգծեց՝ պատրաստ է համագործակցել ընդդիմադիր դաշտի հետ. - «Ես հիմա ասում եմ այլ թեկնածուներին, որոնք ընդդիմություն են, եթե դուք ինձանից շատ ձայն հավաքեք, միանշանակ իմ ձայները տալու եմ ձեզ՝ առանց պետական պաշտոն զբաղեցնելու, բայց եթե ես հավաքեցի, դուք ինձ չմիացաք, եթե 3 հոգիդ իրար հետ միացաք ու ինձանից շատ ձայներ հավաքած չեղաք ու ինձ ասացիք՝ պիտի մեզ միանաս, ես կասեմ, որ համագործակցում եք ՔՊ-ի հետ ու Նիկոլի դրածոներն եք»:
Զուգահեռ սկսվեց նաև «Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Գյումրիի Թատերական հրապարակում, ելույթ ունեցան ՔՊ ավագանու ցուցակում ընդգրկված թեկնածուները, խոսեցին, թե այս կարճ ժամանակահատվածում, ինչ Սարիկ Մինասյանը նշանակվել է Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար, ինչ ծավալի աշխատանքներ է հասցրել իրականացնել: «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը շատ կարճ ելույթ ունեցավ: Նա, ի դեպ, հարթակում էր իր երկու դուստրերի ու որդու հետ, նշեց, որ ընտրապայքարի մեջ է մտել հանուն իր որդու, ով այդ պահին իր գրկում էր:
«Մեր գյումրեցիների հիմնական բողոքն ամենաչնչին բանն է՝ ցեխոտ փողոցներ, մարդիկ հիմնականում տոն չեն ուզում, աշխատանք չեն ուզում, հարստություն չեն ուզում, ասում են՝ էս ցեխից ազատեք, մեր երեխաները դպրոց գնում են 2-3 կոշիկով, որպեսզի հաղթահարեն ցեխերը, ջրափոսերը, հետո նոր մաքուր կոշիկներով կարողանան մտնել իրենց մանկապարտեզներ ու դպրոցներ», - նշեց Մինասյանը:
Հարթակում էին նաև «Քաղաքացիական պայմանագրի» Ազգային ժողովի պատգամավորներն, ովքեր բարձրաձայնեցին ընտրակաշառքի, նաև կրիմինալի մասին խոսեցին:
Վաղը Գյումրիում լռության օր է:
Նախորդ ընտրություններում մասնակցության ցուցանիշը բավականին ցածր էր՝ մոտավորապես 24 տոկոս: Այս ընտրություններին ակնկալվում է, որ մասնակցության տոկոսը կլինի բարձր նախորդի համեմատ: