«Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել», - այսօր հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ 168.am-ի խնդրանքով արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։
«Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաև բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում», - ասել է երրորդ նախագահի գրասենակը՝ շարունակելով․ - «Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը»։
Ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանն էր Նիկոլ Փաշինյանին առաջարկել բանավեճի փոխարեն հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Փաշինյանն ասել էր, թե 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Իսկ իր վերջին ասուլիսում անդրադարձել էր նաև «Ազատության» հոդվածին, որում ներկայացված են ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը և շեշտել՝ նախկին երեք նախագահների հետ այլևս բանավիճելու իմաստ չկա։ Իսկ բանակցային փաստաթղթերը հրապարակելու ընդդիմադիրների հորդորներին Փաշինյանը պատասախանել էր, թե դրանք դեռևս գույքագրվում են, քանի որ դրանք ցաքուցրիվ են։
Փաշինյանը նախօրեին Ազգային ժոցղովի ամբիոնից կրկին բացել էր նախկին նախագահների հետ բանավեճի թեման՝ այս անգամ ուղիղ սպառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգյանին:
«Երեք հատ մտքի տիտան ա… բոլորն ասում են՝ «մենք իրա հետ բանավիճելու բան չունենք»: Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին ղրգում են ասուլիսներ տալու: Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք: Եթե բանավիճում եք, եկեք խոսանք: Ես ասում եմ ՝ ես ձեզ պատերով կտամ, և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ, երեքիդ էլ վերաբերում է, ես ձեզ ոտքի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ: Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս»,- հայտարարել է Փաշինյանը։
Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանն է արձագանքել վարչապետին՝ գրելով․ - «Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը»:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ ասել է, որ Նիկոլ Փաշինյանը «բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի», ապա նշել՝ լավագույն լուծումը «մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է»: