Մատչելիության հղումներ

«ԵԱՀԿ ՄԽ-ը լուծարելը օրակարգային հարց է, և մենք ինքներս կնախաձեռնենք այդ հարցը քննարկելը». Փաշինյան


«ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը քննարկելի և օրակարգային հարց է, և մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը», - Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասել ենք, որ կան հարցեր, որոնք քննարկելի են, և կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Հիմա, օրինակ՝ ո՞ր հարցերն են, որ քննարկելի են. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի հարց է, ինչո՞ւ է քննարկելի, որովհետև մենք գնում ենք խաղաղության, իսկ մենք գնում ենք խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Ընդ որում՝ այստեղ էլ մենք պետք է որոշակի ճկունություն ցուցաբերենք, որպեսզի նպատակը չխառնենք միջոցի հետ», - նշեց վարչապետը:

Հարցին՝ «արդեն համաձա՞յն եք մինչև ստորագրելը լուծարել», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. - «Ես նորից եմ ասում, մեր նպատակը ժամկետը չէ, մեր նպատակը բովանդակությունն է, այսինքն՝ բովանդակությունը երբ կհասցեագրվի, մենք պատրաստ ենք, կամ բովանդակության հասցեագրման ի՞նչ մեխանիզմ կգործի, եթե այդ մեխանիզմը հուսալի և վստահելի կթվա, իհարկե՝ մենք պատրաստ ենք նաև գնալ որոշակի լուծումների»։

44-օրյա պատերազմից հետո Մինսկի խումբը լուծարելու պահանջ Բաքուն է ներկայացրել: Այժմ էլ Ադրբեջանից պնդում են, թե դա խաղաղության պայմանագրի կնքման նախապայմաններից է:

«Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա»

«Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ «հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը»:

«Մենք ունենք փաստաթուղթ, որը և՛ Հայաստանի Հանրապետության համար, և՛ Ադրբեջանի հանրապետության համար ընդունելի է», - ասաց նա

Բաքուն արդեն 6-րդ օրն է՝ հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու համար։ Պաշտոնական Երևանն ավելի վաղ հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հրադադարի խախտման փաստեր ներկայացնի, Երևանը պատրաստ է դրանք ուսումնասիրել, քննարկել։ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ փաստել է՝ մինչ օրս նման փաստեր Բաքվից չեն ստացել։

Ադրբեջանական դիրքերը թիրավորելու վերաբերյալ Բաքվի մեղադրանքները հաջորդում են խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցմանը: Երևանը հայտարարել է, որ պատրաստակամ է ստորագրել փաստաթուղթը, մինչդեռ Բաքուն մինչ այդ հայկական կողմից պահանջում է փոխել Սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն իրականացնել 2027 թվականին»

Անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ հարցին, Հայաստանի վարչապետը պնդեց՝ «մեր ներքին քաղաքական օրակարգում 2018 թվականից, 2020-ից կա նոր Սահմանադրություն ընդունելու մասին օրակարգ, խոսույթ, և մենք գնալու ենք այդ օրակարգին»:

«Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր Սահմանադրություն, և պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին, չնայած՝ այդ էլ պիտի ասեմ, որ կան, այդ թվում՝ քաղաքական թիմում, ձայներ, կարծիքներ, թե ինչո՞ւ ենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ և համատեղ, որն ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաև խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն», - ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը կարո՞ղ է նորանոր պահանջներ առաջ քաշել՝ վերադառնալով արդեն խաղաղության օրակարգին, Վարչապետն ընդգծեց՝ «Ադրբեջանը կարող է նորանոր հարցեր բերել օրակարգ, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են»։

ԵՄ դիտորդական առաքելության մասին

Անդրադառնալով ԵՄ դիտորդների վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշեց. - «երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն, և այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կա՛մ նեղություն չտալ, կա՛մ ավելի պակաս նեղություն տալ»։

«Եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության և կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք և նախընտրեինք միջանկյալ գործոնը, որը շատ կարևոր գործոն է։ Այսինքն՝ մեր նպատակն այն է, որ մեր սահմանի երկայնքով ունենանք խաղաղություն և կայունություն», - ընդգծեց վարչապետը:


Առավել մանրամասն տե՛ս այստեղ






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG