Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինն արդեն մեկ ժամից ավելի է խոսում են հեռախոսով, տեղեկացնում է Սպիտակ տունը: Ողջ աշխարհն անհամբեր սպասում է, թե ինչ են հայտարարելու առաջնորդները հեռախոսազրույցից հետո:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ուկրաինայից բացի առաջնորդները կքննարկեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցը:
Հեռախոսազրույցիցի առաջ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ որ խաղաղության վերջնական համաձայնագրի շատ կետեր արդեն համաձայնեցված են, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու և անհամբեր սպասում է նախագահ Պուտինի հետ խոսելուն:
«Վաղն առավոտյան ես նախագահ Պուտինի հետ կխոսեմ Ուկրաինայի պատերազմի մասին։ Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ անելիքներ կան: Հազարավոր երիտասարդ զինվորներ և այլ մարդիկ են զոհվում», - նշել է Թրամփը:
Երեկ էլ Սպիտակ տան ղեկավարն ասել էր, որ Պուտինի հետ կքննարկի տարածքների, էլեկտրակայանների և «որոշ ակտիվներ բաժանելու» հարցը, թեև չէր մանրամասնել, թե խոսքն ինչ ակտիվների մասին է: Արևմտյան ու ռուսական մամուլը գրում է, որ քննարկվելու է նաև հարցը, թե ում է անցնելու Ուկրաինային պատկանող Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը, որն այժմ ռուսական զորքի հսկողության տակ է:
Ուկրաինայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ «Պուտինն է շարունակում ձգձգել այս պատերազմը»։
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ Պուտինը չի կարողանում «այո» ասել հրադադարի առաջարկին»,- սոցցանցում գրել է Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր օրն է կարևոր, քանզի ամեն օր այն նոր կյանքեր է խլում։
Մինչ այդ Պուտինն այսօր ելույթ է ունեցել Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության համագումարում՝ խոսելով հիմնականում տնտեսական թեմաներով: Նախագահն ասել է, որ Ռուսաստանը լքած արևմտյան ընկերություններին թույլ չի տրվի ետ գնել իրենց բիզնեսները կամ լրացնել այն տեղը, որ նրանց հեռանալուց հետո գրավել են տեղական ընկերությունները: Նա ռուս գործարարներին զգուշացրել է, որ հույսեր չփայփայեն, թե Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների մեղմման դեպքում լիարժեք ազատ առևտուր կլինի կամ կվերականգնվի կապիտալի տեղաշարժը:
«Մեր մրցակիցները միշտ կցանկանան թուլացնել և զսպել մեզ: Նույնիսկ եթե կողմերից մեկը ժեստ անի և առաջարկի ինչ-որ պատժամիջոց վերացնել կամ մեղմել, անմիջապես մեզ համար խնդիրներ առաջացնելու այլ մեթոդ կգտնվի», - ընդգծել է Պուտինը:
Bloomberg-ը գրում է, որ Ուկրաինան և եվրոպական երկրները մտավախություն ունեն, որ Վաշինգտոնը Կիևին կստիպի խաղաղության համաձայնագիր կնքել Մոսկվային ձեռնտու պայմաններով:
Ըստ գործակալության՝ ԱՄՆ առաջարկած ժամանակավոր հրադադարի գործարքը ստորագրելու դիմաց Պուտինը պահանջում է հրադադարի ընթացքում դադարեցնել զենքի բոլոր մատակարարումները Ուկրաինային:
Գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի և ԵՄ արտգործնախարարներն այսօր Լոնդոնում կքննարկեն եվրոպական երկրների պաշտպանական ծախսերի ավելացման և զինված ուժերի պատրաստվածությունը բարելավելու, նաև Ուկրաինային աջակցելու հարցերը:
Երեկ Եվրոպական միության արտաքին գործերի նախարարներին չէր հաջողվել համաձայնության գալ Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու փաթեթի շուրջ: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել էր, որ նախաձեռնությունը քաղաքական լայն աջակցություն ունի, ապա հույս հայտնել, որ մոտ ապագայում առաջընթաց կլինի այս հարցում։
«Հուսով եմ՝ կկարողանանք իսկապես առաջ շարժվել, քանի որ ներկաներից բոլորը համաձայն էին, որ հիմա պետք է ցույց տանք մեր վճռականությունը և աջակցենք Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել», - նշել է Կալլասը:
Այս ընթացքում իրավիճակը ճակատում շարունակում է լարված մնալ, կողմերը դարձյալ անօդաչուներով հարվածել են միմյանց: Ուկրաինական զորքը փորձել է առաջ շարժվել Բելգորոդի ուղղությամբ, ռուսական կողմը հարվածել է Կիևին: