Մատչելիության հղումներ

Փոխվարչապետը պնդում է՝ սահմանազատման ուղղությունը կոնսենսուսով է որոշվել, ընդդիմությունը հակադարձում է


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, արխիվ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, արխիվ

Մինչ հայ-ադրբեջանական սահմանազատման մեկնարկը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարած հանձնաժողովները կրկին կհանդիպեն: Տեղեկությունը երեկ հայտնել է սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը՝ առանց հանդիպման օրն ու վայրը հստակեցնելու: Պաշտոնյաներն այս տարի արդեն երկու քննարկում անցկացրել են:

«Իմ կարծիքով՝ կլինի, այո, որովհետև դեռ հարցեր կան քննարկելու», - նշեց նա:

Թե երբ կշարունակվի սահմանազատումը, Մհեր Գրիգորյանը չի նշել:

Սահմանազատման կանոնակարգը հաստատելուց հետո հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են գործընթացը շարունակել հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, ապա հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:

Հարցին՝ Երևանի՞, թե Բաքվի՞ առաջարկն է սահմանազատումը շարունակել այս ուղղություններով, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Դա ընդհանուր կոնսենսուսային որոշում է»:

Բաքուն է ցանկացել սահմանազատումը հյուսիսից սկսել. Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, արխիվ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, արխիվ

Ընդդիմադիրները, մինչդեռ, կարծում են՝ դա Ադրբեջանի պարտադրանքն է: Պատգամավոր Աննա Գրիգորյանի գնահատմամբ՝ Բաքուն է այդպես ցանկացել՝ Տավուշի հատվածում նոր տարածքներ ստանալու ակնկալիք ունի: Անցած տարի հենց Տավուշում, այսպես կոչված` «պիլոտային» սահմանազատմամբ ադրբեջանական կողմը հետ ստացավ տասնամյակներ շարունակ Հայաստանի վերահսկողության տակ գտնված չորս նախկին ադրբեջանաբնակ գյուղերը:

«Կոնսենսուսային որոշում նշանակում է, որ երկու կողմերն էլ նույն առաջնահերթությունն ունեն՝ նույն տվյալ հատվածից սահմանազատումը շարունակելու համար: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, որ ՀՀ կառավարությունն իր առաջնահերթություն չի՞ համարել Ջերմուկից, Ներքին Հանդից, Գեղարքունիքի տարբեր հատվածներից զորքերի դուրսբերումը, այլ մտածում է բացառապես Տավուշի մասին, որտեղ էլի հայկական կողմը զիջման է գնալու», - շեշտեց Աննա Գրիգորյանը:

Կիրանցում սահմանազատումն իրականացնելուց և չորս գյուղերը վերադարձնելու Բաքվի պահանջը բավարարելուց հետո, ըստ ընդդիմադիրների, իշխանությունը պետք է առաջարկեր գործընթացը շարունակել արդեն Հայաստանի օկուպացված տարածքներից: Փոխվարչապետը դժվարացավ ասել, թե երբ կհասնեն այդ տարածքներին:

Իշխանությունների փոխանցմամբ՝ ադրբեջանական օկուպացիայի տակ է հայկական 200 քառ. կմ տարածք: Հայ պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են՝ ռազմական ճանապարհով դրանք հետ բերելու մտադրություն չունեն, շեշտում են, թե հարցը կլուծվի սահմանազատմամբ:

Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցնում է՝ սահմանազատման կանոնակարգում որևէ քարտեզ նշված չէ, հայկական տարածքների դեօկուպացիայի պահանջ հայ պաշտոնյաները ոչ միայն խաղաղության բանակցություններում, այլ նաև միջազգային հարթակներում չեն բարձրացնում: Հետևապես իշխանականների հայտարարությունները, ըստ Գրիգորյանի, հիմնազուրկ են ու անիրատեսական. «Մեր օկուպացված տարածքներում իրենք {Ադրբեջանը} խոշոր ամրաշինական, ինժեներական աշխատանքներ են կատարում, նոր ճանապարհներ կառուցում, այս ամբողջը համակցությամբ թույլ է տալիս փաստել, որ Ադրբեջանը որևէ կերպ չի պատրաստվում դուրս գալ ՀՀ սուվերեն տարածքներից»:

ԱԱԾ-ից չեն հայտնում՝ ինչ է կատարվում Ոսկեպարում

Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին զուգահեռ մամուլում երկրորդ շաբաթն է՝ տեղեկություններ են պտտվում, որ Տավուշի Ոսկեպար գյուղում ինչ-ինչ աշխատանքներ կան: Ազգային անվտանգության ծառայությունից արդեն երկրորդ շաբաթ է՝ չեն պատասխանում «Ազատության» գրավոր հարցմանը, թե ի՞նչ աշխատանքներ են ընթանում գյուղում, և ինչո՞ւ է մարդկանց մուտքը գյուղին հարակից որոշ տարածքներ արգելված: Այսօր համայնքի ղեկավարը հերթական անգամ հրաժարվեց խոսել այդ մասին, միայն ասաց. «Սահմանի մոտ է կատարվում, սահմանապահներին էլ զանգեք, հարցրեք, հերիք է՝ այդ թեմայով ինձ զանգեք: Մենք այնտեղ մուտք չունենք»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ չի պարզաբանել՝ Տավուշում սահմանազատում իրականացնելիս ինչպես է լուծվելու մի կողմից Հայաստանի վերահսկողության ներքո գտնվող երեք անկլավների, մյուս կողմից դեռ 90-ականներից Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքների հարցը:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG