Ռուսական զորքը երկու գյուղ է գրավել ուկրաինական Խարկովի և Դոնեցկի մարզերում և առաջ է ընթանում դեպի նույն շրջանի Պոկրովսկ և Կուրախովե քաղաքներ։ Տեղում թեժ մարտեր են ընթանում:
Ռազմաճակատին շատ մոտ լինելու պատճառով Պոկրովսկի բնակչության մի մասին դեռ անցած շաբաթ էին տարհանել և տեղավորել ժամանակավոր կացարաններում: Պոկրովսկը լոգիստիկ կարևոր կենտրոն է, այստեղ է գտնվում նաև ածխի խոշոր հանքավայր: Ռուսական կողմն այստեղ մեծ ուժեր է կուտակել և արդեն հարձակման մի քանի փորձ է կատարել:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածել է ուկրաինական ռազմական բազմաթիվ օբյեկտների, այդ թվում՝ ռազմական օդանավակայանի: Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը նաև որսացել է ուկրաինական բազմաթիվ հրթիռներ և 100 անօդաչու թռչող սարք։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին հայտնել է, որ կիրակի ռուսական զինուժը 72 հարվածային դրոն է կիրառել: Ուկրաինական զորքը հաջողությամբ հետ է մղել ռուսական բազմաթիվ գրոհներ՝ մեծ կորուստներ պատճառելով անձնակազմին և տեխնիկային:
«Ժամը 09:00-ին դրությամբ հաստատվել է, որ խոցվել է «Շահեդ» տիպի և այլ տեսակի 47 գրոհային անօդաչու թռչող սարք… Պաշտպանության ուժերի ակտիվ հակազդեցության միջոցով հայտնաբերվել է թշնամական անօդաչուի նմանակող 25 սարք», - ասված է հայտարարությունում:
Մինչ այդ Հարավկորեական Yonhap գործակալությունը, վկայակոչելով երկրի շտաբի պետերի հանձնաժողովի հայտարարությունը, տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեան, հավանաբար, պատրաստվում է լրացուցիչ զորք և ռազմական տեխնիկա ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար:
«Բազմաթիվ հետախուզական տվյալների համապարփակ գնահատումը ցույց է տալիս, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռոտացիայի ենթարկել կամ ավելացնել զորքերի տեղակայումը Ռուսաստանում», - նշված է հայտարարությունում:
Հարավային Կորեայի հետախուզությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան այս պատերազմում արդեն մոտ 100 զոհ ունի և մոտ 1000 վիրավոր:
Մինչ ճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ, երեկ Մոսկվայում Ռուսաստանի նախագահին է հանդիպել Սլովակիայի վարչապետը: Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Ռոբերտ Ֆիցոն «Ֆեյսբուք»-ում տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է 2019 թվականին կնքված պայմանագրի շրջանակում շարունակել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումը։
«Պուտինը հաստատել է Արևմուտք և Սլովակիա գազ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամությունը, սակայն դա գործնականում անհնար է 2025 թվականի հունվարի 1-ից՝ հաշվի առնելով Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը» - գրել է նա:
Չնայած պատերազմին, Մոսկվան շարունակում է Ուկրաինայի տարածքով գազ մատակարարել դեպի Եվրոպա: Սակայն Կիևն արդեն հայտարարել է, որ չի երկարաձգելու 2019-ին կնքված համաձայնագիրը, որի ժամկետն ավարտվում է 2024 թվականի վերջին։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Reuters-ին ասել է, որ Պուտին-Ֆիցո հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, որոնք էապես տուժել են Սլովակիայի նախկին իշխանությունների գործողություններից: Պուտինը ներկայացրել է իրավիճակը ուկրաինական ճակատում, անդրադարձ է եղել նաև էներգետիկ հարցերի:
«Դուք լսել եք ուկրաինական կողմի հայտարարությունը և գիտեք այն եվրոպական երկրների դիրքորոշումները, որոնք շարունակում են գնել ռուսական գազը և դա անհրաժեշտ են համարում իրենց տնտեսության բնականոն գործունեության համար։ Այնպես որ, հիմա այս հարցում շատ բարդ է իրավիճակը, որը մեծ ուշադրություն է պահանջում», - նշել է Պեսկովը:
Իսկ Ուկրաինայի նախագահը շարունակում է աջակցություն ակնկալել Արևմուտքից: Նախօրեին Վլադիմիր Զելենսկին քննադատել էր Գերմանիայի կանցլերին Ուկրաինային Taurus տեսակի հրթիռներ տրամադրելու հարցում հապաղելու համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր անարդար է համարել Զելենսկու քննադատությունը:
«Ես հաճախ եմ ասել Զելենսկուն, որ նա պետք է դադարեցնի Օլաֆ Շոլցին քննադատելը, քանի որ կարծում եմ, որ դա անարդար է: Ընդհանուր առմամբ՝ մենք գիտենք, որ նման կարողությունները շատ կարևոր են Ուկրաինայի համար», - նշել է նա:
Ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփի նախագահությունը ստանձնելուն զուգահեռ կնվազի նաև ամերիկյան աջակցությունն Ուկրաինային: