«Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի քաղաքական, բարոյական և այլ լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար», - վարչապետի այս զգուշացումից մոտ երկու շաբաթ անց Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց՝ Հովիկ Աղազարյանի կողմից ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով քրեական գործ է հարուցվել:
Այլ մանրամասներ նախաքննական մարմինը չի հայտնում:
Եթե Աղազարյանին մեղադրանք առաջադրվի, գործը հասնի դատարան ու լինի ուժի մեջ մտած մեղադրական վճիռ, պատգամավորը կզրկվի մանդատից։ Նախկին ՔՊ-ականի համար իրավապահների որոշումը անակնկալ չէ:
«Հրապարակային հայտարարություն է արվել, դատախազությունը չէր կարա չարձագանքեր, ես որևէ արտառոց բան չեմ տեսնում», - ասաց Աղազարյանը:
ՔՊ-ականները արդեն երկու շաբաթ է՝ պնդում են, թե իրենց նախկին թիմակիցը խմբակցության փակ նիստերից արտահոսքեր է կազմակերպել: Ընդ որում՝ իշխանականներն այս հարցում տարբեր պնդումներ են անում, մի մասը համոզված է, թե իրենց նախկին գործընկերը պետական գաղտնիքի արտահոսք է կազմակերպել, որոշներն էլ նախընտրում են շեշտել՝ խոսքը ոչ թե պետական գաղտնիքի այլ պետական նշանակության ինֆորմացիայի մասին է: Բայց մի հարցում նրանք միակարծիք են՝ Աղազարյանը պետք է հրաժարվի մանդատից: Ինքը՝ պատգամավորը, որ չի ընդունում թիմակիցների այս մեղադրանքը, պնդում է՝ չգիտի լրատվամիջոցներին իր որ ասածը կարող են որակել որպես պետական գաղտնիք:
Իշխանական պատգամավորներն այս օրերին պնդում էին, որ պետական անվտանգությանն առնվող տեղեկություններ վարչապետ Փաշինյանն է պատմել թիմակիցներին, նրանց հետ ունեցած փակ նիստերի ընթացքում: Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը ևս պնդեց՝ իր պաշտպանյալը երբևէ որևէ պետական գաղտնիքի պաշտոնապես չի ծանոթացել: Տարակուսած է՝ եթե չի ծանոթացել, ինչպե՞ս կարող էր արտահոսք կազմակերպել: Փաստաբանը կարծում է՝ քրեական գործ պետք է հարուցվի, բայց վարչապետ Փաշինյանի դեմ:
«Եթե պատմել են, դա պատմողը պետք է պետական գաղտնիք կրող լինի, հետո էդ նույն պետական գաղտնիք կրողն ինչ իրավունքով է պետական գաղտնիք չկորղի մոտ, որն իրավունք էլ չունի անձը, նրա մոտ պատմի: Դուրս է գալիս, որ ոչ թե Հովիկն է պետական գաղտնիքը հայտարարել, այլ այն անձը, ով Հովիկի մոտ դա ներկայացրել է», - ասաց Ճարոյանը:
Աղազարյանի շուրջ այս պատմությունը սկսվեց այն բանից հետո, երբ նա մանդատը վայր դնելու վարչապետի SMS-ին դրական չարձագանքեց։ Դրանից հետո քննիչները նրան առնչվող մեկ այլ քրեական գործով առգրավեցին պատգամավոր Աղազարյանի հեռախոսը։ Հետո դրա պարունակությունը հասավ վարչապետին, վերջում էլ ՔՊ-ականներին: Եթե կուսակցության, խմբակցության նիստերից մշտապես ինֆորմացիայի արտահոսք է կազմակերպվել, այն էլ պետական նշանակության ինչո՞ւ ՔՊ-ականներն ավելի վաղ չէին դիմում իրավապահներին, պարզ չէ: Աղազարյանի փաստաբանը կարծում է՝ անգամ դատախազի համար դժվար կլինի հիմնավորումներ գտնել:
«Դատախազը սենց է ներկայացնելու՝ քանի որ պետական գաղտնիք է և ես իրավունք չունեմ բոլոր պատգամավորների մոտ ներկայացնելու, հավատացեք ինձ, իրեն զրկեք անձեռնմխելիությունից», - ասաց Ճարոյանը:
Պատգամավորին մեղադրանք առաջադրելու կամ նրան կալանավորելու համար գլխավոր դատախազը պետք է ստանա պատգամավորների մեծամասնության համաձայնությունը: Դատախազի միջնորդագիր կարող է քննարկվել ոչ միայն հերթական, այն նաև արտահերթ նիստում:
Դատախազությունից փոխանցեցին՝ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հարց այս պահին կառույցում չեն քննարկում։