Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին չի ճանաչում նախագահական ընտրությունների օրինականությունը


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերահաստատել է՝ որ չի ճանաչում երեկվա նախագահական ընտրությունների օրինականությունը։

«Ոչ ոք ոչ մեկին չի ընտրել. ոչինչ չի եղել»,- ասել է նա՝ դիմելով նախագահական նստավայր իրեն աջակցություն հայտնելու համար եկած քաղաքացիներին։

Ավելի վաղ X սոցիալական ցանցում նախագահը ընտրական գործընթացն անվանել էր «ժողովրդավարության ծաղր»։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ տեղի ունեցածը չի խանգարի Վրաստանին գնալ եվրոպական ճանապարհով։

Նախագահը նաև հիշեցրել է, որ ուղիղ մեկ տարի առաջ երկիրը ստացավ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, իսկ 2023 թվականի դեկտեմբերի 14-ը պատմության մեջ մտավ որպես «համաձայնության, ժողովրդական ուրախության և մեծ հույզերի օր»։

«Մեկ տարվա ընթացքում կառավարող մեկ կուսակցությունը ոչնչացրեց այս ոսկե հնարավորությունը և կառուցեց ռեպրեսիվ ավտորիտար ռեժիմ»,- գրել է Զուրաբիշվիլին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, խորհրդարանի նախկին պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին երեկ ընտրվել է Վրաստանի վեցերորդ նախագահ։ Նա միակ թեկնածուն էր և հավաքել է Ընտրական կոլեգիայի ներկա 225 ձայնից 224-ը։ Ընդդիմությունը չի մասնակցել գործընթացին։

  • Ինչպես ընդդիմությունը, այնպես էլ նախագահը խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ։ Զուրաբիշվիլին չի պատրաստվում հրաժարական տալ, քանի դեռ երկրում նոր խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվել։
  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Զուրաբիշվիլին պետք է «թոշակի անցնի» դեկտեմբերի 29-ին Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո։

XS
SM
MD
LG