Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին տարիներ շարունակ Սիրիայում զինյալների համեմատաբար ոչ այդքան հայտնի առաջնորդ էր: Սակայն, 42-ամյա տղամարդը նշանավորվեց՝ գլխավորելով ապշեցուցիչ ռազմական հարձակումը, որն էլ տապալեց Սիրիայի երկարամյա նախագահ Բաշար ալ-Ասադին:
Երբ դեկտեմբերի 8-ին Ջուլանին հեռուստատեսային ուղերձում հայտարարեց «Դամասկոսի գրավման մասին», կիրառեց ոչ թե իր մարտական անունը, այլ իսկականը՝ Ահմեդ ալ-Շարաա, քայլ, որ ևս ընդգծում է նրա արագ վերելքի հանգամանքը։
ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ղեկավար Ջուլանին երկար ժամանակ փորձել է փոխել իր հանրային իմիջը: Նա հրապարակայնորեն հրաժարվել է «Ալ-Քաիդա»-ի հետ իր կապերից և փորձել իրեն ներկայացնել որպես պրագմատիկ և հանդուրժող առաջնորդ:
Թե որքանով է նրան հաջողվել այդ փոխակերպումը, կերևա մոտ ժամանակներս, քանի որ Ջուլանին, ում գլխի համար 10 միլիոն դոլար պարգև էր սահմանվել, և նրա ղեկավարած խմբավորումը պատրաստվում են մեծ դերակատարում ունենալ հետ-Ասադյան Սիրիայում:
«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը զինյալ իսլամիստական խմբավորում է, որը ձգտում է Սիրիայում ստեղծել իսլամական օրենքներով ղեկավարվող պետություն: Այս խմբավորումը դաշնակից է մի քանի փոքր զինյալ իսլամիստական խմբավորումների, որոնցից մի քանիսը Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից եկած օտարերկրյա զինյալներից են կազմված:
Վաշինգտոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Աարոն Զելինը «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի անդամներին բնութագրում է որպես «քաղաքական ջիհադիստներ»։
«Ջուլանին և «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ն ավելի պրագմատիկ են քաղաքականության հարցում. նրանք գտնվում են ավանդական քաղաքական իսլամիստների և այսպես կոչված՝ «գլոբալ» ջիհադիստների՝ «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամների միջև», - հավելել է նա։
«Խորամանկ» Ջուլանին
Ջուլանին ծնվել է 1982 թվականին Սաուդյան Արաբիայում՝ սիրիացիների ընտանիքում, ովքեր եկել էին Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանից:
Նրա մարտական գործունեության առաջին տարիները մշուշոտ են։ Ենթադրվում է, որ նա միացել է Իրաքում գործող «Ալ-Քաիդա»-ին» 2003թ.՝ ԱՄՆ-ի ներխուժումից հետո:
2012-ին Ջուլանին հիմնել է «Ջաբհաթ ալ-Նուսրան» կամ «Նուսրայի ճակատը», որը «Ալ-Քաիդա»-ի» սիրիական ճյուղ էր հանդիսանում: Ստեղծվելով Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում՝ այն հետագայում մի քանի անգամ փոխեց իր անունը և հեռացավ «Ալ-Քաիդա»-ից»: 2017-ին այն միավորվեց այլ ընդդիմադիր խմբավորումների հետ՝ ստեղծելով «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը:
Ջուլանին ժամանակին չալմա էր հագնում, երկար մորուք պահում ու զինվորական համազգեստ կրում: Բայց, նա հրաժարվում էր կրել զինյալների առաջնորդի տարբերանշանով հագուստը՝ նախընտրելով հագնել բաճկոններ (բլեյզերներ), սափրվել և հարցազրույցներ տալ արևմտյան լրատվամիջոցներին:
«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ղեկավարը «խորամանկ է և ձգտում է հասնել իշխանության և ամրապնդել այն իր և իր կազմակերպության համար», - ասում է իրանական պրոքսիների և շիա զինյալների հարցերով փորձագետ Ֆիլիպ Սմիթը:
Չնայած Ջուլանիի կերպարանափոխությանը և իրեն որպես պրագմատիկ և չափավոր գործիչ ներկայացնելու փորձերին, մտահոգությունները կապված նրա և նրա խմբի կողմից իրավունքների ենթադրյալ ոտնահարումների, ահաբեկչական խմբերի հետ կապերի վերաբերյալ մտահոգությունները մնում են։
2013 թվականին Ջուլանիին ահաբեկիչ ճանաչելու մասին հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտը վկայակոչեց Ջուլանիի «Նուսրայի ճակատ»-ի մահապարտների կողմից իրականացված պայթյունները, հայտարարելով, որ նրա խմբի «բռնի, աղանդավորական տեսլականը» հակասում է Սիրիայի հասարակության նկրտումներին:
«Ծայրահեղականությունն ու ահաբեկչական գաղափարախոսությունը տեղ չունեն հետ-Ասադյան Սիրիայում»,- ասված էր հայտարարության մեջ։
2017-ին Սիրիայում ԱՄՆ դեսպանատունը X սոցիալական ցանցում գրեց, որ Վաշինգտոնը «հանձնառու է մնում» «Ալ-Քաիդա»-ի» սիրիական ցանցի բարձրաստիճան ներկայացուցիչներին, այդ թվում՝ Ջուլանիին, «արդարադատության» ենթարկելուն:
«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի առաջնային նպատակն էր տապալել Ասադի կառավարությունը, սակայն նրանց երկրորդական նպատակն է «կառուցել հաստատություններ, որոնք շահավետ և օգտակար կլինեն սիրիացիների համար», - ասում է Վաշինգտոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Աարոն Զելինը, - «Նրանք ակնհայտորեն դա անելու փորձ ունեցել են Իդլիբում»։
Բայց նույնիսկ եթե Ջուլանին և «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը պահպանեն հանդուրժողականության և ներառականության իրենց խոստումները, ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից նրանց հեռացնելը կարող է տարիներ տևել, հավելել է Աարոն Զելինը: