Մատչելիության հղումներ

Շատ մտահոգիչ է Սիրիայի հայ համայնքում իրավիճակը, նրանց ճակատագիրը. Իշխան Սաղաթելյան


Սիրիայի դեսպանատունը Երևանում, 9-ը դեկտեմբերի, 2024թ․
Սիրիայի դեսպանատունը Երևանում, 9-ը դեկտեմբերի, 2024թ․

Երևանում դեսպանության շենքի վրայից իջեցվել է Սիրիայի դրոշը

Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքից արդեն իսկ հեռացվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը։ Ցուցանակն առայժմ պահպանվում է։ Սիրիան զավթած զինյալների դրոշն առայժմ բարձրացված չէ։

Դեսպանատնից տեղեկացրին, որ նախկին կառավարության դրոշը դեռ երեկ է հանվել, նորի տեղադրման ժամկետների մասին տեղյակ չէին։ Մոսկվայում Սիրիայի դեսպանատան գլխին արդեն ծածանվում է ընդդիմության դրոշը, այն այսօր երգով ու ծափերով բարձրացվեց։

Սիրիայի հայ հայմանքում անորոշություն է

Սիրիան շուրջ 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից և փաստացի {Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված} «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ ալ Ջուլանի կողմից իշխանությունը վերցնելուց հետո Սիրիայի հայ հայմանքում անորոշություն է։

«Շատ մտահգիչ է նաև հայ համայնքում ստեղծված իրավիճակը, ճակատագիրը ինչ է լինելու, ինչպես է լինելու։ Մի շարք անորոշություններ կան», - «Ազատությանն» ասաց ԱԺ Հայաստան- Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը։

Նրա փոխանցմամբ՝ անորոշ է Սիրիայում բնակվող մի քանի տասնյակ հազար սիրիահայերի անվտանգության հարցը։ Արդյոք երկրում կայունություն կհաստատվի, թե կշարունակվի քաոսային իրավիճակը, Իսրայելը և Թուրքիան ի՞նչ քայլերի կդիմեն, ինչպիսի՞ կառավարություն կձևավորվի Սիրիայում, և ինչպիսի՞ն կլինի նոր ռեժիմի վերաբերմունքն ու համագործակցությունը Սիրիայի հայ համայնքի հետ. այս հարցերի պատասխանները դեռ չկան, որոնք էլ ավելի են մեծացնում անորոշությունը։

Դաշնակցական պատգամավորն ասաց, որ իրենք մշտապես կապի մեջ են տեղի հայ համայնքի տարբեր պատասխանատուների հետ, և այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները խոստացել են, թե քրիստոնյա համայնքն անվտանգության խնդիր չի ունենալու։

«Քաղաքը գրավելուց հետո կոնտակտներ եղել են համայնքի ներկայացուցիչների հետ», - նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ նման առնվազն խոստումներ տվել են, որ հայ համայնքին վտանգ չի սպառնում։

Բայց թե որքան կպահպանվի այդ խոստումը, պարզ չէ՝ ընդդիմությունը, որ գալիս է իշխանության, շատ բազմաշերտ է, տարբեր խմբեր տարբեր ուղղություններ են դավանում։

Հայաստանի կառավարությունն առայժմ որևէ կերպ չի արձագանքել Սիրիայում մեկ օր առաջ տեղի ունեցած իշխանափոխությանը։

Արաբագետի համոզմամբ՝ արձագանքները պետք է շատ զուսպ լինեն

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության լռությունը ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը հասկանալի է համարում։ Արաբագետի համոզմամբ՝ արձագանքները պետք է շատ զուսպ լինեն, քանի որ շատ բան դեռ պարզ չէ, մասնավորապես ինչ է նշանակում Սիրիայի նոր իշխանություն, արդյոք այդ ձևավորվեիք նոր իշխանությունը կլինի մեկ միասնական պետություն, թե տարբեր խմբերի հատվածական իշխանություն։

Սիրիայում, ըստ արաբագետի, առնվազն 3-4 մեծ խմբեր կան, որոնք կարող են հավակնություն դրսևորել իրենց իսկ ճակատագիրը որոշելու հարցում, խոսքը դրուզների, ալավիների, սունիների և քրդերի մասին է։ Եվ առավել մեծ է հավանականությունը, որ Սիրիայում այլևս մեկ միասնական իշխանություն չի լինի. - «Այս պահին քննարկվում է այդ անցումային իշխանության ձևավորման, և ով կղեկավարի, ինչ ուժեր ներգրավված կլինեն։ Միանշանակ խոսել, թե Ջոլանին կլինի իշխանության ղեկավար, կամ այդ ուժը կստանձնի ամբողջ իշխանությունը, դեռ վաղ է»։

Հայաստան, ըստ արաբագետի, այս պահին երկու ուղղությամբ պետք է աշխատանքի՝ նախ հայկական համայնքի հետ կապ պահի, հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում հողի վրա։ Եվ երկրորդը, պետք է հասկանալ տարածաշրջանի խաղացողների, այդ թվում՝ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ դիրքորոշումը ձևավորվող նոր իշխանության նկատմամբ և բոլոր կապերն օգտագործելով սիրիահայության հարցը բանակցություններում դարձնել օրակարգային։

Զուգահեռ, Հայաստանն, ըստ Հայկ Քոչարյանի, նաև պետք է ծրագրեր մշակի անհրաժեշտության դեպքում Սիրիայից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող հայերի համար, որոնց մի մասը նաև Հայաստանի քաղաքացիներ են։

Հստակ տվյալներ չկան, թե Սիրիայում այս պահին որքան հայ է բնակվում։ Հազարավոր սիրիահայեր Հայաստանում հաստատվեցին 2011-ին սկսված սիրիական քաղաքացիական պատերազմից հետո։

XS
SM
MD
LG