Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չեն ստացվել, Մալթայում լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանն արդեն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում, և որ հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ հատել են անդառնալիության կետը։
«Նման փաստաթուղթ չի ստացվել։ Մենք լսել ենք այդ քննարկումները, և Հայաստանի վարչապետը խորհրդարանում լայնորեն խոսել է այդ թեմայի շուրջ։ Մենք որևէ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում ամբողջությամբ օգտագործել իր անդամակցությունը», - հայտարարել է Լավրովը։
Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, մայիսին էլ հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
Այս տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար՝ հավելելով՝ դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։