Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում։
«Սա չի կարող շարունակվել, իմ համբերության բաժակը լցվել է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա այս դժգոհությունը չթաքցրեց, երբ իր կաբինետի հետ քննարկում էր Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու առաջիկա երկու տարիների գործողության պլանը։
«Ոնց որ, կներեք, քյասիբի ռադիո լինեմ, գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, խոսում, դուք էլ ծափ եք տալիս, ես գնում եմ։ Հաջորդ տարի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, ավելի ուժեղ եք ծափ տալիս։ Ո՞վ է ո՞ւմ ձեռ առնում։ <> Ընդդիմությունն ասում է՝ էս թվին սա ես ասել, իշխանությունից մեկը չի եկել, ասի՝ էս թվին սա ես ասել, հիմա ես իրականացրել եմ դա», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարը կտրուկ հայտարարություններ արեց, թե 2018-ից ի վեր ինչ պահանջել են՝ կառավարությունը տվել է, ինչ ցանկացել են՝ արվել է՝ իրավապահ համակարգը բարեփոխելու համար ահռելի ներդրումներ են արել, որ հասարակությունն արդարության պակասից չդժգոհի, հանցավորությունը նվազի։
Սակայն թե ինչու արդյունքներ չկան, հանրությունը հեղափոխությունով իշխանության եկած վարչապետից է ակնկալում, երկրի ղեկավարը՝ իրավապահ համակարգի պատասխանատուներից. «Ես էլ բան չունեմ տալու, այն, ինչ ինձնից ուզել եք, տվել եմ։ Չեմ միջամտել ոչ մի բանի, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ։ Որ գյուղ մտնեմ, մարդիկ էդ նույն բաներից խոսեն, որ բոլորը վախում էին էս մեկից, հիմա էլ են վախում իրարից, ու ստացվի, որ ՀՀ-ում թույլ իշխանությո՞ւն է։ Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա»։
Մինչ այդ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ռազմավարությունը ներկայացնելիս ասաց՝ նախատեսում են, որ Ոստիկանության կառուցվածքն ավարտական տեսքի կբերեն, կլավացնեն ոստիկանության ենթակառուցվածքները, տեխնիկական հագեցվածությունը, կկառավարեն կոռուպցիոն ռիսկերն, ու ոստիկանությունն էլ գրավիչ կդառնա։
Նախարարը չմոռացավ շեշտել, որ այս ռազմավարությունը մշակելիս հիմք են ընդունել արդեն եղած նվաճումներն ու ձեռքբերումները, մասնավորապես որ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման համաձայն՝ կառույցի աշխատանքից գոհ է հարցվածների 62 տոկոսը։
Վարչապետն իրավապահներին վերջնագիր ներկայացրեց այսօր՝ խնդիրը թողեց նրանց դաշտում։
Բյուջեի քննարկման երեք օրերին Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել ընդդիմության դիտարկումներին, որ իշխանությունների հայտարարած բարեփոխումներն արդյունք չեն տվել, «Ազատության» հետ զրույցում արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը. - «Ես կձևակերպեմ Փաշինյանի այսօրվա վիճակը՝ ասֆալտի վրա պառկեցնող ամենակարողից մինչև իրեն քյասիբի ռադիոյի հետ համեմատող ղեկավարի ողբերգական վիճակը»։
Նոյեմբերի 1-ից ուժային կառույցները կավելանան։ Երևանում ու մարզերում կսկսեն գործել քննչական ու համայնքային ոստիկանությունները, իսկ հաջորդ տարի՝ ոստիկանության գվարդիան։ Այս բոլոր բարեփոխումների համար պետությունն զգալի ֆինանսավորում է ստացել նաև Եվրամիությունից ու Միացյալ Նահանգներից։