Դեմոկրատական կուսակցության թեկնածու և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ընտրություններում պարտվելուց հետո առաջին հրապարակային ելույթն է ունեցել։
Դիմելով Վաշինգտոնի Հովարդի համալսարանում հավաքված իր կողմնակիցներին՝ նա ասել է՝ «մենք պետք է ընդունենք» ընտրությունների արդյունքները, և որ Բայդենի վարչակազմը պատրաստ է օգնել Դոնալդ Թրամփին և նրա թիմին անցումային փուլում և ապահովել իշխանության խաղաղ փոխանցում:
Դեմոկրատ փոխնախագահը նշել է, որ պայքարը կշարունակվի «քվեախցում, դատարաններում և հրապարակում»:
«Երբեմն կռիվը որոշ ժամանակ է տևում», - AP-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ հավելելով. - «Դա չի նշանակում, որ մենք չենք հաղթի».
Ավելի վաղ Հարիսը զանգահարել էր Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելու նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Հարիսը քննարկել է նաև իշխանության խաղաղ փոխանցման և բոլոր ամերիկացիների նախագահ լինելու կարևորությունը», - ասել է նրա աշխատակազմի ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու համար հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ապահովեց ընտրական քոլեջի անհրաժեշտ առնվազն 270 ձայնը:
Այսպիսով, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը դառնում է նաև 47-րդ նախագահը և չորս տարի հետո կվերադառնա Սպիտակ տուն: