Մատչելիության հղումներ

Նեթանյահուն պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին


Յոավ Գալանտ, արխիվ
Յոավ Գալանտ, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի օրը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, հայտնում է AP-ն:

Նեթանյահուն և Գալանտը բազմիցս վիճաբանել են Գազայում պատերազմի հարցի շուրջ, սակայն Նեթանյահուն մինչ այժմ խուսափում էր նախարարին պաշտոնանկ անելուց, նշում է աղբյուրը:

Երեկոյան իր հայտարարության մեջ Իսրայելի վարչապետը նշել է «էական հակասությունները» և «վստահության ճգնաժամը»՝ որպես պաշտոնանկության պատճառ։

«Պատերազմի ընթացքում, առավել քան երբևէ վարչապետի և պաշտպանության նախարարի միջև լիարժեք վստահություն է անհրաժեշտ»,- ասել է Նեթանյահուն, - «Ցավոք, թեև առաջին ամիսներին այդ վստահությունը կար, և արդյունավետ աշխատանք էր ընթանում, վերջին ամիսներին այդ վստահությունը քայքայվեց»:

Պատերազմի առաջին օրերին՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, Իսրայելի ղեկավարությունը միասնական մոտեցում էր ցուցաբերում: Սակայն, պատերազմի ձգձգվելուց ու Լիբանան տարածվելուց հետո ղեկավարությունում քաղաքական տարբերություններ ի հայտ եկան: Մինչ Նեթանյահուն կոչ էր անում շարունակել ռազմական ճնշումը արմատական «Համաս»-ի վրա, Գալանտը նշում էր, որ ռազմական ուժի կիրառումը ստեղծել է անհրաժեշտ պայմաններ դիվանագիտական լուծման և պատանդների վերադարձի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG