Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողով. Վրաստանի կողմից բարեփոխումների իրագործման համար բավարար քաղաքական հանձնառություն չկա


Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 30-ին հրապարակեց ընդլայնման մասին իր տարեկան զեկույցը, որի տոնայնությունը էականորեն տարբերվում էր անցյալ տարվանից, երբ ԵՄ գործադիրը պատմական առաջարկություններ արեց․ անդամակցության բանակցություններ սկսել Մոլդովայի, Ուկրաինայի հետ, Վրաստանին՝ թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Այս տարվա զեկույցում նման նորություններն ու առաջարկություններն առավել քիչ են։

Փաթեթի ինտրիգներից մեկն այն էր, թե որքան կոշտ է լինելու Եվրահանձնաժողովը Վրաստանի նկատմամբ՝ անցած շաբաթավերջի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք ուղեկցվեցին մի շարք խախտումներով՝ վերստին իշխանության բերելով «Վրացական երազանք»-ին:

Վկայակոչելով այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» և սեռական փոքրամասնության դեմ վերջերս ընդունված վիճահարույց օրենքները, ինչպես նաև Եվրամիության դեմ ուղղված «վրացի պաշտոնյաների խոսույթները», փաստաթուղթը եզրակացրել է՝ «քանի դեռ Վրաստանը ետ չի կանգնել այս ուղուց, որը վտանգում է իր ճանապարհը դեպի ԵՄ, և ի ցույց չի դրել շոշափելի ջանքեր՝ առանցքային բարեփոխումները իրագործելու և առկա մտահոգությունները փարատելու ուղղությամբ, Հանձնաժողովը Վրաստանի հետ անդամակցության բանակցություններ սկսելու հանձնարարական չի տա»:

Անցած անգամ Եվրահանձնաժողովը Թբիլիսիի առջև ինը պայման էր դրել՝ հանձնարարելով փոփոխությունները ամենատարբեր ոլորտներում:

Այս զեկույցում Բրյուսելը նշում է, որ հարավկովկասյան հանրապետությունը «աննշան առաջընթաց» է գրանցել դրանց ուղղությամբ, և որ «իշխանությունների կողմից բարեփոխումների իրագործման համար բավարար քաղաքական հանձնառություն» չկա։

Փաստացի, ԵՄ առաջնորդներն այս եզրահանգումներն արել էին նաև անցած հունիսին։ Հիմա այլ հարց է օրակարգում՝ ինչպես է դաշինքը որակելու հոկտեմբերի 26-ի ընտրությունները:

Զեկույցը հղում է անում քվեարկությունից հետո հրապարակված ԵԱՀԿ-ի նախնական եզրակացությանը, որը նշում է «մի քանի թերություններ, որոնք տեղի են ունեցել լարված և խիստ բևեռացված միջավայրում», ինչպիսիք են ահաբեկումները և բաց քվեարկությունները: ԵՄ փաստաթուղթն ընդգծում է նաև «համապարփակ ընտրական բարեփոխումների» և «կառուցողական երկխոսության» անհրաժեշտությունը։ Միաժամանակ, Եվրահանձնաժողովը չի ասում, թե չի ճանաչում այս ընտրությունները։

Այս հարցում, իրականում, Եվրամիության անդամ երկրների շարքում միասնական դիրքորոշում չկա։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շտապեց Թբիլիսի՝ շնորհավորելու իր քաղաքական դաշնակիցներին, մինչդեռ ԵՄ անդամ 15 երկրները համատեղ հայտարարություն տարածեցին՝ առնվազն կասկածի տակ դնելով քվեարկության արդարությունը։ Նրանք նաև ընդգծում էին, որ Օրբանը իրենց անունից չէր Թբիլսիին շնորհավորում։

Այս տարաձայնությունների պատճառով Վրաստանի ներկայիս իշխանությունների դեմ հնարավոր պատժամիջոցները դժվար թե ընդունվեն։ Հունգարիան և, հավանաբար, նաև Սլովակիան վետո կդնեն դրանց վրա: Մնում է, ավելի շատ կրճատել Թբիլիսիին հատկացվող միջոցներն ու կասեցնել վիզային ռեժիմի ազատականացումը, որի համար բավարար կլինի անդամ երկրների ձայների պարզ մեծամասնությունը:

Բայց իսկապե՞ս ԵՄ-ն ուզում է պատժել Վրաստանի ամբողջ բնակչությանը․ այս հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովում, և ավելի ուշ, երբ ԵՄ արտգործնախարարները կհանդիպեն Բրյուսելում։ Բայց շրջադարձային քայլեր չեն սպասվում։

Անդրադարձ՝ Մոլդովային և Ուկրաինային

Զեկույցում անդրադարձ կա նաև Մոլդովային և Ուկրաինային․ Եվրահանձնաժողովը հույս է հայտնում, որ երկուսի հետ էլ անդամակցության բանակցությունները կսկսվեն «2025 թվականին՝ որքան հնարավոր է շուտ»։

Քիշնևից Բրյուսելը հավելյալ քայլեր է ակնկալում կոռուպցիայի և «օլիգարխիզացիայի» դեմ պայքարում, Կիևին էլ հորդորում շարունակել պայքարը կազմակերպված հանցավորության դեմ:

XS
SM
MD
LG