Մի քանի երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետն արդեն շնորհավորել են Վրաստանի վարչապետին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով։
Կառավարության հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Կոբախիձեին «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով»՝ նշելով. «Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում և մեր համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս շնորհավորական ուղերձ է հղել՝ Վրաստանի վարչապետին հրավիրելով Բաքու. «Այս քվեարկությամբ Վրաստանի քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել զարգացմանը, կայունությանը և ավանդական արժեքներին։ Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն Վրաստանի համակողմանի զարգացմանն ու բարգավաճմանը»։
Դեռ երեկ՝ ընտրություններից քիչ անց, ուղերձ էր հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը. «Վրաստանի ժողովուրդը գիտի, թե որն է լավագույնը իր երկրի համար, և այսօր իր ձայնը լսելի դարձրեց բոլորին»:
Այս պահի դրությամբ Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ իշխող «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների 54.27 տոկոսը։ Խորհրդարան անցած 4 ընդդիմադիր ուժերից 3-ը չեն ընդունում ընտրությունների արդյունքները։