Փետրվարին Յամալ-Նենեցյան ինքնավար մարզի խիստ ռեժմի գաղութում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին հնարավոր է թունավորել են, հայտարարել է The Insider-ը՝ նշելով, որ իր ձեռքի տակ են հայտնվել հարյուրավոր փաստաթղթեր, որոնք առնչվում են Նավալնիի մահվան գործ հետ։
The Insider-ը հայտնում է, որ մահվան փաստով քրեկան գործ հարուցելու երկու միջնորդություն է մերժվել՝ նշելով, որ փաստաթղթի վերջնական տարբերակից հանվել են ախտանիշները, որոնք կարող էին վկայել Նավալնիի թունավորման մասին։
Պարբերականը փաստաթղթի երկու տարբերակ է հրապարակել երկուսն էլ նույն օրով թվագրված՝ 2024-ի հուլիսի 26, և համեմատել դրանք։ Առաջին տարբերակում նշվում է, որ փետրվարի 16-ին Նավալնին «բողոքել է որովայնի սուր ցավից, ցնցումներ է ունեցել և կորցրել գիտակցությունը»։ Որոշման խմբագրված տարբերակում, որը նույն օրն ավելի ուշ է հրապարակվել, վերոնշյալ ախտանիշների մասին խոսք չկա։
The Insider-ը հայտնում է, որ իր տրամադրության տակ են հայտնվել նաև Նավալնիի մահից հետո առգրավված առարկաների ցուցակը՝ նշելով, որ դրանում առկա են նաև «փսխման նմուշներ», որոնք իբր ուղարկվել են փորձաքննության։
Պարբերականը հիշեցնում է, որ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան էր ավելի վաղ նաև հայտարարել, որ իր ամուսինը «մահվան վերջին րոպեներին բողոքել է ստամոքսի սուր ցավերից»։
Հրապարակված պաշտոնական փաստաթղթերում ասվում է, որ Նավալնիի մահը հիպերտոնիայի և այլ հիվանդությունների սրման հետևանք է, իսկ մահվան անմիջական պատճառը «սրտի ռիթմի խանգարումն» է։
The Insider-ը նշում է, որ բժիշկների հետ զրույցները ցույց են տվել, որ Նավալնին հնարավոր է թունավորվել է ֆոսֆորօրգանական այնպիսի նյութից, ինչպիսին, օրինակ «Նովիչոկ»-ն է, որից նա փրկվել էր 2020 թվականին։
Ռուս ընդդիմադիր գործչի կողմնակիցները նրա մահվան օրվանից պնդում են, որ նա, ամենայն հավանականությամբ, սպանվել է ռուսական իշխանությունների հրահանգով։ The Insider-ն էլ նշում է, որ այս վարկածի փաստաթղթային ապացույցներն են ի հայտ եկել։ Պարբերականը, սակայն, չի հայտնում, թե որտեղից է ձեռք բերել հրապարակած փաստաթղթերը։
The Insider-ի հրապարակումներին իշխանությունները դեռ չեն արձագանքել։
Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ Մահից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել էին պատժախուց, որում ավելի խիստ պայմաններ են, քան սովորական խցերում։ Քաղաքական գործչի հետևորդների համոզմամբ՝ նրան կա՛մ սպանել են, կա՛մ մահվան են հասցրել։
Բժշկական եզրակացության մեջ, որը ստորագրել է Նավալնիի մայրը, որդու մարմինը ստանալու համար, նշվում է, որ նա բնական մահով է մահացել։ Դաշնային քրեակատարողական ծառայությունն այն ժամանակ հայտարարել էր, որ բանտարկյալը հանկարծակի վատացել է և նրան չեն կարողացել վերակենդանացնել։ Պետական RT հեռուստաալիքը հայտարարություն էր տարածել, որ մահվան պատճառը թրոմբոէմբոլիան է։ Իր աղբյուրներին հղում անելով` նույնն էր պնդել նաև Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավար Մարիա Պևչիխը Բուդանովին ստախոս էր անվանել։
Նավալնիի դին մորը՝ Լյուդմիլա Նավալնայային էին փոխանցել մահից ինը օր անց, ինչը ենթադրությունների տեղիք էր տվել, որ իշխանությունները փորձում են թաքցնել մահվան իրական պատճառը։
Ալեքսեյ Նավալնին ռուս ամենահայտնի ընդդիմադիր էր։ Նա դատապարտվել է երկարաժամկետ ազատազրկման մի շարք քաղաքական մեղադրանքներով։ 2020 թվականին նա հրաշքով ողջ էր մնացել թունավորման փորձից հետո։