Մատչելիության հղումներ

Ջրհեղեղից ոչ բոլոր տուժածներն են հասցրել աջակցություն ստանալու համար դիմում ներկայացրել, 3 օր է մնացել


Գարնանային ջրհեղեղից տուժածներին երեք օր է մնացել համայնքապետարաններ դիմումներ ներկայացնելու և պետությունից աջակցություն ստանալու համար։ Այս պահին դեռ 269 տուժած ոչ բոլոր ընտանիքներն են դիմել, բայց պաշտոնյաները հավաստիացնում են՝ երեք օր հետո պատկերն այլ կլինի։

Օրինակ՝ ջրհեղեղից ամենաշատը տուժած Ալավերդիում, համայնքապետարանի տվյալներով, 16 ընտանիք դեռ չի հասցրել դիմում ներկայացնել՝ սեփականատերերը հեռվում են, լիազորագիր չեն ուղարկել այստեղ գտնվողներին, կամ էլ փաստաթղթերում անհամապատասխանություններ ունեն։

Բայց, մինչ խնդիրները կպարզվեն, ու պետության աջակցությունից օգտվելու հնարավորություն կլինի, Ալավերդիում մարդիկ սկսել են վերակառուցել իրենց հեղեղված տները։ Մայիսին ջրի տակ անցած Քարկոփ գյուղում շինարարություն է։

Մի մասն արդեն փոխհատուցման առաջին փուլի գումարներն ստացել է, փորձում են շինարարության ծախսերը տեղավորել գումարի մեջ, բայց ասում են՝ դժվար է։

«Էլի բաներ կան, որ պետք է առնենք, երկրորդ փուլի ժամանակ, որ տան, կգնենք», - ասաց բնակիչներից մեկը։

Քարկոփցի Աղունիկ Հախվերդյանի ընտանիքն ու իր 12 հարևանները, մինչդեռ, առայժմ անորոշության մեջ են։ Դիմացը ձմեռ է՝ երեխաները հարևան գյուղում։ 35 տարի ապրել են մի շենքում, որ խճի գործարանի սեփականությունն է։ Գործարանը դեռ 35 տարի առաջ իրենց տներից հանել, գործարանի վարչական շենքում է տեղավորել խոստումով, որ շուտով նոր տներ կկառուցի քարկոփցի 13 ընտանիքի համար։

«Էս քանդված շենքն ի՞նչ է, որ այսքան բարդ թեմա դարձավ», - դժգոհեց նա։

Քարկոփ այցելած տարածքային կառավարման նախարարն ու Լոռու մարզպետը հավաստիացրին՝ սեփականատերը շենքը նվիրել է համայնքին, ավագանին որոշում կկայացնի, ու կադաստրով տները բնակիչներին կանցնեն։

Արդյո՞ք այս երեք օրերի ընթացքում կհասցնեն այս ամենն, ու բնակիչները դուրս չեն մնա փոխհատուցման ծրագրերից, նախարար Գնել Սանոսյանն ասաց. - «Շենքն ունի սեփականատեր, մեջը ապրում են մարդիկ, ու այս ամբողջ ընթացքում բոլորին լսելով՝ համայնքը, սեփականատերն արել են մեծ ծավալի աշխատանք, սեփականատերը բարի կամք է դրսևորել՝ շենքը նվիրել է համայնքին, համայնքն ավագանու որոշմամբ տալու է ձեզ։ <> Հիմա որ դուք ուզում եք՝ ժամ-ժամ այդ հարցերը լուծվեն, նորից լուծվելու են կիսատ, հիմա ուզում են կարգով անեն, դառնաք սեփականատեր»։

Քարկոփի ջրհեղեղից տուժած դպրոցը դեռ վերանորոգված չէ։ Պատասխանատուներն ասացին՝ խոնավության խնդիր կա, դա է աշխատանքները դանդաղելու հիմնական պատճառը։ Հույս ունեն, որ մինչև հունվար 53 աշակերտները դպրոցի շենքում կշարունակեն դասերը։ Սեպտեմբերից մանկապարտեզի փոքրիկ սենյակներում են տեղավորվել։

Կառավարությունը վերջին նիստում Լոռու մարզին հավելյալ մոտ 118 մլն դրամ հատկացրեց հեղեղումների հետևանքով վնասված և առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի իրականացման համար, մասնավորապես տուժած փողոցների ու բակերի վերանորոգման, բազմաբնակարան շենքերի շքամուտքերի նորոգման, կոյուղու ցանցի կառուցման համար։

XS
SM
MD
LG